Home / Հայաստան / Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա պայմաններն աննպաստ են ՀԱԿ-ի ցանկացած թեկնածուի համար

Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա պայմաններն աննպաստ են ՀԱԿ-ի ցանկացած թեկնածուի համար

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի անվիճելի առաջնորդն է:  Այս մասին այսօր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Գագիկ Ջհանգիրյանին ասել է, թե մամուլում շատ է գրվել, որ ՀԱԿ-ում քննարկվում են Լևոն Զուրաբյանի կամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունները գալիք նախագահական ընտրությունների համար և ցանկացել է իմանալ բանախոսի դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ:

«Ես կարող եմ ազնվորեն ասել, որ որևէ այդպիսի քննարկում, անդրկուլիսային, կուլիսային գոյություն չունի:  Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի անվիճելի առաջնորդն է, և թող ինձանից չնեղանան ոչ Լևոն Զուրաբյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ մնացած բոլոր ընկերները, էդպիսի հարց չի կարող քննարկվել և չի քննարկվել: Գուցե ինչ-որ փոքրիկ խմբեր իրենց մտքում, խոհանոցում, անկողնու մեջ քննարկել են, բայց որևէ նման քննարկում Կոնգրեսում չի եղել», – ասել է պատգամավորը:

Պետրոս Ղազարյանը նաև ցանկացել է իմանալ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, արդյոք Գագիկ Ջհանգիրյանը կսատարի  ՀԱԿ-ի որևէ այլ թեկնածուի, թե ոչ:

«Ես Ձեզ միանշանակ ասեմ, որ ես կարծում եմ, որ եթե պայմանները նպաստավոր լինեն առաջադրվելու համար մեր հիմնադիր նախագահի, ուրմեն կառաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե այդ առաջադրման պայմանները նպաստավոր չլինեն Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ես կարծում եմ՝ դրանք բացարձակ աննպաստ կլինեն ցանկացած մեկ ուրիշի համար», – պատասխանել է Ջհանգիրյանը: