Home / Հայաստան / Տիկնիկայինը չպետք է դառնա քարոզչության կենտրոն, պարզաբանում է տնօրենը

Տիկնիկայինը չպետք է դառնա քարոզչության կենտրոն, պարզաբանում է տնօրենը

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը որոշել է մերժել պայմանավորվածությունը՝ թատրոնի տարածքը տրամադրելու Գերմանիայի դեսպանատանը Սերբիայում նույնասեռականների խնդիրներին վերաբերող «Parada» ֆիլմի ցուցադրության համար, քանի որ «չի ցանկանում, որ թատրոնը դառնա քարոզչության անելու կենտրոն»:

Epress.am-ին իր որոշման հիմնավորումները ներկայացնելով՝ Բաբայանը նշել է, որ «Parada»-ն ցավոք որպես քարոզ է ընկալվել և ֆիլմի դեմ, և ֆիլմի կողմ արտահայտվող մարդկանց խմբերի կողմից, մինչդեռ ինքը՝ Բաբայանը, ֆիլմն ընկալում է որպես արվեստի գործ և չի տեսնում դրանում քարոզչության տարրեր:

«Կարծում եմ՝ Գերմանիայի դեսպանատունը մի փոքր ուշացել է ասուլիս անելու, ֆիլմի մասին պատմելու հարցով: Իրենք ասում են, որ քարոզչություն չեն անում, բայց նրանց ոչ ոք չի հավատում: Մի կողմը ասում է՝ մի պարտադրեք ձեր տեսակետը մեզ, մյուսը ասում ՝ լավ են անում, որ մեզ իրազեկում են», – ասել է Բաբայանը:

Տիկնիկայինի տնօրենը հայտնել է նաև, որ առաջարկել է դեսպանատանը փառատոն կազմակերպել առհասարակ հանդուրժողականության թեմայով, քանի որ այդ խնդիրը կա Հայաստանում և ոչ միայն սեռական փոքրամասնությունների հանդեպ է, որ դրսևորվում է:

«Մեր բեմադրություններից շատերում այդ թեման կա»,- ասել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ «Հայազն» միությունը, որը ֆիլմի ցուցադրության դեմ է հանդես գալիս, այսօր հայրարատությունը է տարածել, որում ասված է, թե իրենք «հիացած են պարոն Բաբայանի ազգային-մտավորականի համարձակ կերպարով ու կարծում են, որ նա լավ օրինակ կծառայի շատերի համար»: