Home / Հայաստան / Թուրքիայում հայկական եկեղեցին այսուհետ դեմ է խառը ամուսնություններին

Թուրքիայում հայկական եկեղեցին այսուհետ դեմ է խառը ամուսնություններին

Պոլսո Հայոց Պատրիարքարանը որոշում է կայացրել այլևս չօրհնել խառը ամուսնությունները և նման դեպքերում թույլ չտալ հարսանիքները հայկական եկեղեցիներում:

Նշենք, որ նման արգելքը Թուրքիայի հայ համայնքում գործել է մինչև 2000 թվականը, սակայն Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հրամանով վերջին 12 տարիներին թույլատրվում էին խառը ամուսնությունները Թուրքիայի հայկական եկեղեցիներում, ինչպես նաև խառը ամուսնություններից ծնված երեխաների մկրտությունը:

«Մենք շրջանառության մեջ ենք դնում մի օրենք, որն արդեն կար մեր եկեղեցում: Ես չեմ ցանկանում այլ մեկնաբանություններ տալ», – Hurriyet Daily News-ի հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Նոր օրենքը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից:

Նշենք, որ Թուրքիայի հայ համայնքում կան օրենքի փոփոխության թե՛ կողմնակիցներ, թե՛ հակառակորդներ: Ոմանք նշում են, որ վերջին տարիներին խառը ամուսնությունների թիվն աճում է, և հայերին ավելի դժվար է պահպանել իրենց մշակույթն ու ավանդույթները: Հակառակ կողմը պնդում է, որ եթե խառը ամուսնությունների պարագայում ոչ հայը ցանկանում է եկեղեցում պսակադրվել, ապա դա ողջունելի է, ինչպես նաև ճիշտ է նման ամուսնություններից երեխաներին մկրտել հայկական եկեղեցիներում: