Home / Հայաստան / Հայաստանը կատեգորիկ դեմ է «Համերկրացիներ»-ին, բայց արտահոսքը կանխել չի հաջողվում. դեսպան

Հայաստանը կատեգորիկ դեմ է «Համերկրացիներ»-ին, բայց արտահոսքը կանխել չի հաջողվում. դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի կարծիքով՝ ռուսաստանյան «Համերկրացիներ» ծրագրի իրագործումը Հայաստանում նպատակահարմար չէ մեր երկրի համար: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչելսավ Կովալենկոն նշել է, որ ծրագիրը չէ պատճառը հայաստանյան արտագաղթի, և որ այն շարունակվելու է իրականացվել:

Եսայանի խոսքով՝ ռուսաստանյան կողմը շահագրգռված է ծրագրի իրականացման հարցում, իսկ հայաստանյան կողմը ընդգծել է, որ կատեգորիկ դեմ է այդ ծրագրի իրականացմանը:

Դեսպանը նշել է, որ ռուսաստանյան կողմն իր տեսակետն ունի, ըստ որի «Համերկրացիներ» ծրագիրն ընտրված է ոչ թե մի կոնկրետ երկրի համար, այլ ընդհանրապես բոլոր երկրների հետ և դա միայն Հայաստանին չի վերաբերում:

«Ինչ վերաբերում է ծրագրի նպատակահարմարությանը մեր երկրի ու մեր ժողովրդի համար, իհարկե, իմ կարծիքը միանշանակ բացասական է, և այդ ծրագրի իրականցանումը որոշակիորեն ազդում է արտահոսքի վրա: Բայց առաջին հերթին սա մեր երկրի խնդիրն է: Տարբեր երկրներ կարող են նման ծրագրեր իրականացնել բացեիբաց կամ միջնորդավորված ձևով, բայց խնդիրը մեր երկրի, մեր ժողովրդի մոտեցման մասին է: Երկրորդը՝ մեր պետությունը, մեր կառավարությունը բազմաթիվ քայլերի է գնում այս խնդրի լուծման համար: Ես որպես ՀՀ դեսպան՝ Ռուսաստանում, միանգամայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սկսած մեր երկրի նախագահից, մեր երկրի բոլոր իշխանական կառույցներով, ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը ոչ թե կանխարգելելու այս ծրագրի իրականացումը, այլ այս ծրագրի հետևանքով բնակչության արտահոսքը կանխարգելելու համար», – ասել է Օլեգ Եսայանը:

Դեսպանը նաև ընդգծել է, որ դա ամբողջությամբ իրականացնել չի հաջողվում, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել «Համերկրացիներ» պետական ծրագրի վերաբերյալ՝ այն դարձնելով անժամկետ:

Եթե նախկինում ծրագրով «համերկրացու» ընտանիքի անդամներ էին համարվում միայն նրա ամուսինն ու երեխաները, ապա այժմ արդեն որպես ընտանիքի անդամներ կարող են համարվել ծնողները, քույրերը և եղբայրներն իրենց ընտանիքներով: Բացի դա, եթե նախկինում ծրագրի մասնակիցները կարող էին բնակության վայրի ընտրության հարցում առաջնորդվել միայն ըստ նախօրոք իրենց ներկայացվող թափուր աշխատատեղերի, ապա այժմ կարող են Ռուսաստան տեղափոխվել՝ հնարավորություն ունենալով ինքնուրույն լուծել իրենց աշխատատեղի հարցը, սեփական բիզնես դնել: