Home / Հայաստան / Հայաստանյան ինքնաթիռը լքեց Էրզրումը. Դավութօղլուն փաստել է հումանիտար օգնության առկայությունը (թարմացվում է)

Հայաստանյան ինքնաթիռը լքեց Էրզրումը. Դավութօղլուն փաստել է հումանիտար օգնության առկայությունը (թարմացվում է)

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Հայաստանի Հանրապետությունից Սիրայի հայկական համայնքին հումանիտար օգնություն տեղափոխող AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին, որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում և իրականացվի բեռի վերազննում: Այս մասին այսօր հայտարարել է Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը և ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը:

Թուրքիայի օդային տարածքով անցնող հայաստանյան ինքնաթիռն այսօր տեղի ժամանակով 11:00-ին  իջեցրել են Էրզրում քաղաքի օդանավակայնում, առավոտյան հաղորդել է թուրքական NTV հեռուստաընկերությունը: ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ինքնաթիռի վայրէջքը ծրագրաված էր և ոչ մի արտառոց բան դրանում չկա: Մոտ 16:00-ի սահմաններում ստուգումից հետո ինքնաթիռը լքել է Էրզրումի օդանավակայանը և շարունակել ճանապարհը:

Նշենք, որ ինքնաթիռը ՀՅԴ-ական «Օգնիր եղբորդ» նախագծի շրջանակներում մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա: Այս պահին ինքնաթիռում ստուգումներ են անցկացվում: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ ինքնաթիռում ստուգման արդյունքում միմիայն հումանիտար օգնություն են հայտնաբերել:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանից Սիրիա յուրաքանչյուր չվերթ կարող է զննում անցնել, և այս դեպքում նման պահանջ է հնչել, որին էլ հայաստանյան կողմը ենթարկվել է՝ նշելով, որ ոչ մի ապօրինի բեռ չի տեղափոխում: Ավելի ուշ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից պնդել են, որ ինքնաթիռը տեխնիկական վայրէջք է կատարել սեփական ցանկությամբ:

Թուրքական «Դողան» գործակալությունը նշում է, որ հայաստանյան կողմը նախապես զգուշացրել է տեղափոխվող բեռների բնույթի և չվերթի նպատակի մասին: