Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ն առաջարկում է ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարել

ՀԱԿ-ն առաջարկում է ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարել

Ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով «Հայ Ազգային Կոնգրես» պատգամավորական խմբակցության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել հետևյալ օրենսդրական փաթեթը.

Ա.  Օրենսդրական փաթեթը

Օրենսդրական փաթեթը ներառում է երեք օրինագծերի նախագծեր`

ա) «Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (70 հոդված),

բ) «Բնակչության պետական ռեգիստրի մասին « ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (4 հոդված),

գ) «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (7 հոդված):

Բ.  Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

1) Վերացնել ԱԺ ձևավորման մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի.

  • օրենքի այս փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2016թ.-ի հունվարի մեկից, եթե մինչ այդ տեղի չեն ունենում ԱԺ արտահերթ ընտրություններ:

2) Տեսանկարահանել քվեարկության օրվա ամբողջ գործընթացը.

  • տեսանկարահանվում են քվեարկության սենյակները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքը,
  • տեսանկարահանումը կատարվում է անընդմեջ` ժամը 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը,
  • թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների պահանջով նրանց տրամադրվում են տեսանկարահանված նյութերի կրկնօրինակները,
  • տեսանկարահանված նյութերը համարվում են ընտրական փաստաթուղթ:

3) Տարանջատել բնակչության և ընտրողների ռեգիստրները.

  • ի տարբերություն բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների հաշվառման կարգի, ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են միայն վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիները (մշտապես բնակվելու սահմանումը տրվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով): Նշված փոփոխությունը կատարելու արդյունքում ընտրողների ցուցակներից հանվում են հանրապետությունից երկարաժամկետ բացակայող քաղաքացիները, հետևաբար անհնար է դառնում նրանց փոխարեն քվեարկությունը և ընտրություններին ընտրողների <մասնակցության> կեղծ, ուռճացված տվյալների <նկարչությունը>,
  • Ընտրողների ռեգիստրում չընդգրկված քաղաքացիները չեն կորցնում ընտրելու իրավունքը: Նրանց նկատմամբ կիրառվում է գործող օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգը:

4) Ընտրողների ցուցակները, դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ դարձնել մշտապես և ամբողջությամբ հրապարակվող փաստաթուղթ` ներբեռնելու հնարավորությամբ.

  • Ընտրողների ցուցակները թարմացվում են տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին, իսկ համապետական ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ

Այդպիսով, ընտրողների ցուցակները գտնվում են քաղաքացիական մշտական վերահսկողության ներքո:

5) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայողներին ընդգրկել ոչ թե զինվորական մասերում կազմվող, այլ ըստ նրանց մշտական բնակության վայրի կազմվող ընտրողների ցուցակներում: Հետևաբար, նրանք կարող են քվեարկել, սակայն այն դեպքում, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ժամանակավոր արձակված են:

6) Հրապարակել քվեարկության ընթացքում ընտրողների կողմից ստորագրված ցուցակները.

  • Ընտրողների ստորագրած ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված, իսկ ԿԸՀ կայքում` տեղադրված, 15 օր:

7) Համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը սահմանափակել երկու ժամկետով:

8 ) Նախընտրական քարոզչության փուլում Հանրապետության Նախագահի թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային հեռուստատեսությամբ տրամադրվող եթերաժամի համար սահմանել հստակ ժամային միջակայք` ժամը 20.00-ից 24.00-ի ժամանակահատվածում.

  • յուրաքանչյուր թեկնածուի համար տրամադրվող եթերաժամի տևողությունը սահմանել օրական տասը րոպե,
  • արգելել նախընտրական քարոզչության փուլում քաղաքական գովազդի համար հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի  եթերաժամի տրամադրումը:

9) Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները կազմավորել պետության կողմից, ընտրական հանձնաժողովների համակարգը դարձնել պետական համակարգի մաս.

  • ԿԸՀ նախագահին և անդամներին նշանակում է ՀՀ Նախագահը
  • ԸԸՀ և ՏԸՀ նախագահներին և անդամներին նշանակում են, համապատասխանաբար, ԿԸՀ-ն և ԸԸՀ-ն:

10) Վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը և մինչև քվեարկության ծրարում հայտնվելը այն դիտարկել որպես ազատ շրջանառության փաստաթուղթ: Վերացնել քվեաթերթիկը տպագրելու, հաշվառելու, պահպանելու, ՏԸՀ անդամների կողմից ստորագրելու բարդ, խճճող և ծախսատար ընթացակարգերը:

  • ՏԸՀ-ներին քվեաթերթիկները տրամադրել ընտրացուցակներում հաշվառված ընտրողների կրկնակի քանակով,
  • Քվեաթերթիկը ընտրողին տրամադրվում է ինչպես ՏԸՀ անդամի կողմից, այնպես էլ դրա որոշակի խմբաքանակ տեղադրվում է քվեախցիկներում:

Այս մոտեցումը իմաստազրկում է «կարուսելը», էապես սահմանափակում է ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողության իրականացման հնարավորությունները:

11) Կիրառել ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու մեխանիզմը.

  • ընտրողի մատի թանաքով դրոշմումը կատարվում է անտեսանելի, միայն հատուկ սարքի միջոցով երևացող նյութով,
  • թանաքի դրոշմը ընտողի մատին պետք է պահպանվի առնվազն 12 ժամ,
  • թանաքի դրոշմը դրվում է ընտրողի աջ կամ ձախ ձեռքի բութ մատի արտաքին` եղունգով պատված հատվածին,
  • մատը դրոշմելու համար նախատեսված թանաքը ձեռք բերելու, դրա որակի, ընտրական հանձնաժողովներին ապահովելու համար պատասխանատու է ԿԸՀ-ն,
  • ԿԸՀ-ն պետք է սահմանի նաև հատուկ կարգ` քվեարկության օրը թանաքի որակի պարբերական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

12) Կիրառել քվեարկության ընթացքում քվեարկության ծրարները հանձնաժողովի անդամների անհատական կնիքներով  վավերացնելու կարգը.

  • քվեարկության ծրարները ոչ թե նախապես ստորագրվում կամ կնքվում են, այլ դրանք քվեարկության ընթացքում, յուրաքանչյուր ընտրողի համար առանձին իրենց անհատական կնիքներով  վավերացնում են ընտրողին քվեարկության ծրար տրամադրող և ընտրողի մատը թանաքով դրոշմող ՏԸՀ անդամները, ինչպես նաև` հանձնաժողովի կնիքով` քվեատուփի համար պատասխանատու ՏԸՀ անդամը,
  • առանց այս երեք նշանների առկայության, քվեարկության ծրարը վավեր չէ,
  • հանձնաժողովի անդամների անհատական կնիքները և հանձնաժողովի կնիքը դրվում են քվեարկության ծրարի` հատուկ դրա համար նախատեսված վանդականիշերում:

Ստանձնելով այսպիսի գործառույթ, հանձնաժողովի նշված երեք անդամները հանդես կգան որպես լցոնումը կանխող գլխավոր երաշխավորներ:

13) Կիրառել ՏԸՀ անդամների հասցեական, անձնական պատասխանատվության սկզբունքը.

  • քվեարկության օրը ՏԸՀ անդամների գործառույթների փոփոխություն չի կատարվում, ՏԸՀ յուրաքանչյուր անդամ իրականացնում է վիճակահանությամբ իրեն ամրագրված գործառույթը և պատասխանատու է դրա կատարման համար:

14) Հստակեցնել և պարզեցնել բողոքարկման համակարգը, երկարաձգել բողոքներ ներկայացնելու ժամկետները, սահմանելով, որ.

  • ՏԸՀ գրանցամատյաններում գրանցված բողոքները համարվում են ԸԸՀ ներկայացված,
  • ՏԸՀ գրանցամատյանում բողոքները բողոքող կողմը կարող է գրանցել անձամբ,
  • ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ներկայացված բոլոր բողոքների վերաբերյալ,
  • ԿԸՀ կամ ԸԸՀ կողմից բողոքը չքննարկելը կամ ձևական քննարկելը առաջացնում է պատասխանատվություն:

15) Փոխել և պարզեցնել վերահաշվարկի դիմումները ներկայացնելու կարգը և սահմանել, որ.

  • վերահաշվարկի դիմումը կարելի է ներկայացնել նաև քվեարկության օրը` արդյունքներն ամփոփելուց հետո, գրանցելով այն ՏԸՀ գրանցամատյանում,
  • երկու ժամով երկարաձգել քվեարկության հաջորդ օրը վերահաշվարկի դիմում ներկայացնելու ժամկետը,
  • վերահաշվարկի դիմումները քննարկելու հաջորդականությունը որոշել միայն վիճակահանությամբ,
  • հավասարեցնել վերահաշվարկի դիմում ներկայացրած և վերահաշվարկին ներկա գտնվող կողմերի իրավունքները, մասնավորապես նախատեսելով, որ վերահաշվարկին ներկա գտնվող կողմը նույնպես ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու իրավունք ունի:

16) Ընդլայնել վստահված անձանց լիազորությունները և նրանց թույլ տալ`

  • ստորագրել ընտրական ցուցակները,
  • լուսանկարահանել և տեսանկարահանել քվեարկության գործընթացը,
  • լուսանկարահանել և տեսանկարահանել ընտրողների ստորագրած ցուցակները,
  • ինքնուրույն գրանցել իր բողոքը ՏԸՀ գրանցամատյանում:

17) Քվեարկության խցիկների ձևը և չափերը նախատեսել այնպես, որպեսզի բացի քվեթերթիկը նշագրելուց, ընտրողի մյուս բոլոր գործողությունները տեսանելի լինեն քվեարկության սենյակում գտնվողների համար:

18) Քվեաթերթիկում քվեարկության վերաբերյալ գրիչով (այդ թվում` տարբեր գույնի գրիչներով) նշագրումը փոխարինել դրոշմով նշում կատարելով: Սա ևս մեկ մեխանիզմ է սահմանափակելու ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորությունը: Դրանով նաև էապես կնվազեցվի անվավեր քվեաթերթիկների տեսակարար կշիռը:

  • Քվեաթերթիկում քվեարկության վերաբերյալ դրոշմով նշագրելու ժամանակ պետք է օգտագործվեն միագույն թանաքով բարձիկներ:

19) Քվեատուփի չափերը սահմանել այնպես, որպեսզի քվեաթերթիկը գցելու համար նախատեսված քվեատուփի ճեղքի լայնությունը բավարարի մեկ գործողությամբ առավելագույնը մեկ քվեարկության ծրար դրանով անցկացնելու համար:

20) Բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած: Միևնույն ժամանակ սահմանել, որ սույն պահանջի խախտում հայտնաբերելու դեպքում, ԸԸՀ-ն կայացնում է որոշում` խախտում թույլ տված անձի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին.

  • գործող ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրություններին մասնակցող անձանց կամ քաղաքական ուժերի կողմից կամ նրանց անունից բարեգործական ծրագրերի իրականացումը միայն նախընտրական քարոզչության փուլում,
  • գործող ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի խախտում հայտնաբերելու դեպքում ԸԸՀ-ն դիմում է դատարան:

21) Որևէ  մեկի  օգնությամբ քվեարկությունը թոյլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում: Տեսողության խնդիրներ ունեցող եւ առանց ակնոցի տեղամաս եկած անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից: Այս կերպ ևս մեկ արգելք է ստեղծվում ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողության իրականացման համար:

Գ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

1)      Տրվում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու սահմանումը, այն է`

  • Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող է համարվում այն քաղաքացին, ով տարիներով արտահայտված որևէ ժամանակահատվածի (օրինակ` մեկ տարվա) կեսից ավելին գտնվել է Հայաստանում:

2)      Հայաստանի Հանրապետությունից վեց ամսվանից ավելի ժամկետով անընդմեջ բացակայող քաղաքացիները լիազոր մարմնի նախաձեռնությամբ անմիջապես հանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հաշվառումից, ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները: Նշված քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց քառասուս օր հետո, ավտոմատ կարգով վերականգնվում են  Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակության վայրի հաշվառման տվյալները:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նշված փոփոխություններով հնարավոր է դառնում հստակ տարանջատել ՀՀ բնակչության և ընտրողների ռեգիստրները: