Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Եվրոպային ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ է խոստացել

Սերժ Սարգսյանը Եվրոպային ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ է խոստացել

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով և իղձերով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բուխարեստում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հնչեցրած իր ելույթի ժամանակ:

«Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժևորման կարևորագույն օղակներից մեկը: Հետևաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաև բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

Ուրախ եմ ընդգծելու, որ հատկապես Արևելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիով՝ որակական և բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում: Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և՛ Ասոցացման բանակցությունների, և՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից:

Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը ԵՄ և Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար: Հուսով ենք, որ ներկաները և Ձեր երկրների այլ հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու այս նոր հնարավորությունից», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենա շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով, ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ ևս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն», – ասել է ՀՀ նախագահը: