Home / Հայաստան / Միասնական ցանց. տնտեսավորղներին առաջարկում են ինքնուրույն հայտարարգրել հարկերը

Միասնական ցանց. տնտեսավորղներին առաջարկում են ինքնուրույն հայտարարգրել հարկերը

Այսօր ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ է կատարել, որոնց համաձայն նախատեսվում է ամսական ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ների համար սահմանել լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշել է, թե նոր համակարգը ենթադրում է, որ լինելու է հարկ վճարողների միասնական ցանց՝ օնլայն ռեժիմով կապված Պետական եկամուտների կոմիտեի հետ:

«Չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ին, դա վերաբերելու է շուրջ 60 հազար տնտեսվարողի։ Դա նշանակում է, որ այս նոր ծառայությունը մատուցելու համար մենք պետք է ունենանք մասնագիտացված կառույց, հակառակ դեպքում ՊԵԿ-ն ի վիճակի չի լինի սպասարկել 60 հազար տնտեսվարող սուբյեկտի»:

Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել այդ կառույցի ստեղծման որոշման նախագիծ:

Կառավարության նիստից անմիջապես հետո մամուլի ասուլիսով հանդես է եկել

ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը և տեղեկացրել, որ

2013 թվականի հունվարի 1-ից ամսական ԱԱՀ վճարողները պարտավոր են կիրառել նոր ՀԴՄ-ներ:

Նշենք, որ որպես ամսական ավելացված արժեքի հարկ վճարողներ ճանաչվում են այն տնտեսվարող սուբյեկները, ովքեր նախորդ օրացուցային տարվա ընթացքում ունեն ավելի քան 100 մլն դրամ հասույթ:

Միրումյանն ասել է, որ Հայաստանում հաշվառված է 63 729 ՀԴՄ:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ դրանով իրենք ուզում ենք, որ փոքր ու միջին բիզնեսի վրա ճնշում չլինի:

«Մենք կոշտ վարչարարություն չենք ուզում կիրառել: Եթե մենք ուզում ենք ՀԴՄ-ները փոխել, ինչի՞ համար ենք ուզում փոխենք: Մենք հանեցինք տնտեսվարող սուբյեկտներին այցելությունները, մենք հանեցինք բոլոր անհարկի միջամտությունները բիզնեսին, մենք ասում ենք՝ «բիզնես, ինքնուրույն հայտարարագրի»», – ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը օնլայն ռեժիմով իր տեղեկատվական վարչությունից կարող է հետևել բիզնես սուբյեկտների վարքագծին առանց միջամտության և վերլուծություններով հարկեր առաջադրել: