Home / Հայաստան / ՊԵԿ փոխնախագահը չհամաձայնեց գնալ շաքարավազ վաճառող գարաժ. նոր ՀԴՄ-ների մասին

ՊԵԿ փոխնախագահը չհամաձայնեց գնալ շաքարավազ վաճառող գարաժ. նոր ՀԴՄ-ների մասին

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով նոր ՀԴՄ-ների ներդրման մասին, ասել է, որ խոշոր բիզնեսին ներկայացվող պահանջները շատ ավելի շատ են, քան փոքր և միջին բիզնեսի համար կիրառման ենթակա ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներն են լինելու:

Խոսելով նաև այն մասին, թե ում համար է պարտադիր ՀԴՄ-ն և ում համար ոչ, ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է մանրածախ առևտրի ոլորտում:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը նկատել է, որ Բանգլադեշում կա մի գարաժ, որտեղից իրականացվում է մի քանի հազար տոննա շաքարավազի առևտուր՝ հարցնելով, թե արդյոք ՀԴՄ-ների ներդրումը կօգնի վերահսկել նման կետերի թվային շրջանառությունը:

Ի պատասխան՝ Միրումյանը նշել է, որ ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր են  մանրածախ առևտրի օբյեկտներում:

«Եթե դուք խոսում եք մեծածախ վաճառքի մասին, մեծածախ վաճառքի համար ՀԴՄ-ների ներդրում չկա: Մենք հեռու ենք այն տեսակետն արտահայտելուց, որ ՀՀ-ում ստվերային շրջանառություն չկա: Մենք չենք ասում, որ մեծածախ առևտրում առհասարակ ստվեր չկա»,- ասել է Միրումյանը:

Գևորգյանը նշել է, որ նման եղանակով շաքարավազ վաճառվում է արդեն տասը տարի:

Միրումյանը հետաքրքրվել, թե լրագրողն ունի՞ տեղեկատվություն, որ այդ վայրում վերահսկողություն չի իրականացվում: Լրագրողն առաջարկել է հենց այդ պահին միասին գնալ այդ գարաժի մոտ առանց զգուշացնելու:

Միրումյանը չի համաձայնել՝ առաջարկելով լրագրողին նման տեղեկատվություն ունենալու պարագայում այն փոխանցել հարկային մարմիններին: