Home / Տեսանյութեր / «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը խիստ նկատողություն ստացավ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը խիստ նկատողություն ստացավ

Վրաստան հանգստի մեկնող հայ քաղաքացիները դժգոհ են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տոմսերի վաճառքի և վերադարձի համակարգից, հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Մի շարք սպառողներ դիմել են Հանձնաժողովին՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Ըստ բողոքների, եթե  ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով: Սպառողները նաև բողոքում են, որ  «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին:

Բացի դա, տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից:

«Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը՝ այն է նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:

Հանձնաժողովը, հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվեց խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով  հետագայում բացառել  սպառողների շահերը վնասող վարքագծից, բացի այդ պարտավորեցնել, որպեսզի ընկերությունը բարեփոխի տոմսերի վաճառքի և վերադարձման  համակարգը», – ասված է հաղորդագրության մեջ: