Home / Հայաստան / «Զավտրա, պոսլեզավտրա». Պատգամավորը՝ կառավարության կենսունակության մասին

«Զավտրա, պոսլեզավտրա». Պատգամավորը՝ կառավարության կենսունակության մասին

ՀՀ կառավարությունն իր բոլոր ծրագրերին մոտենում է «զավտրա, ա մոժետ պոսլեզավտրա» տարբերակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նվազագույն աշխատավարձի նախագծի մասին, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսաների նախարար Վաչե Գաբրիելյանը: Համաձայն նախագծի, նվազագույն աշխատավարձը բարձրացվելու է 2500 դրամով և ներկայիս 32500-ից դառնալու է 35000 դրամ:

«Այս նախագծում նշված է, որ կառավարությունը ծրագրում է համապատասխան փաստաթղթով մինչև 2017 թվականը առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը: Եթե այս տրամաբնությամբ առաջնորվենք և փորձենք հավասարապես այդ ծրագիրը բաշխել՝ ստացվում է, որ ամեն տարի առնվազն 6500 դրամով պետք է ավելանա աշխատավարձը, որպեսզի ձեր ասած ժամկետում հասնի կրկնապատիկի՝ սա դեռ առանց գնաճը հաշվի առնելու:

Եթե գնաճը հաշվի առնենք, մի փոքր ավելին պետք է մեծանա: Այսինքն՝ ես ինչքան հասկանում եմ՝ կառավարությունն իր բոլոր ծրագրերին մոտենում է «զավտրա ա« մոժետ պոսլեզավտրա» (վաղը, գուցե հաջորդ օրը – խմբ») տարբերակով, որովհետև նույնն էլ  համակարգիչների մասին էր (նկատի ունի առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչներով ապահովելը, որը նույնպես պետք է իրականացվի մինչև 2017 թվականը): Երբ խոսում ենք, ասում են՝ «դե կանենք մինչև 2017 թիվը»: Այսինքն՝ գրաֆիկի անհամապատասխանություն կա, ինչպե՞ս եք սա մեկնաբանում», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ներկայիս գրաֆիկն ընտրված է ըստ Հայաստանի տնտեսական հնարավորությունների:

«Ինչպես գիտեք, ֆինանսական հնարավորությունների տեսակետից  2012-2013 թվականներին մենք ունեինք առավել ծանր ռեժիմ, և 2014-2015 թվականներից մենք ունենալու ենք ավելի բարվոք ռեժիմ, քանի որ մի շարք պարտավորություններ այլևս չեն ծանրացնելու բյուջեն, ու մենք հնարավորություն կունենանք ավելի մեծ ծախսեր կատարել սոցիալական ուղղվածությամբ: Այդ առումով մենք արդեն իսկ նախանշել ենք մեր միջին ժամկետ ծախսային ծրագրում, որ մենք բարձրացնում են և այդ գրաֆիկը համապատասխանում է այն թվերին, որը հնչեցրեցինք, և դա արդեն իսկ նախանշված է մեր ֆինանսական և տնտեսական զարգացման  հնարավորություններով», – ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչով կառավարության համար ընդունելի չէ ՀԱԿ-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանի նվազագույն աշխատավարձը 72 500 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկը:

Նախարարը պատասխանել է, որ Հրանտ Բագրատյանի առաջարկի նպատակները կրկին շատ ազնիվ են, սակայն որևէ հիմնավորում չկա, թե ինչու հատկապես 72 500: Գաբրիելյանի խոսքով՝ դրան իրենք կհասնեն աստիճանաբար:

Նիկոլ Փաշինյանն էլ հետևյալ կերպ է արձագանքել.

«Դուք ասում եք, որ հիմնավորում չկա, թե ինչի պիտի նվազագույն աշխատավարձը լինի 72 500: Նույն տրամաբանությամբ այստեղ էլ չկա այդ հիմնավարումը: Միակ հիմնավարումն այն է, որ փող չկա: Փող չկա, կառավարության խնդիրն էլ փող ստեղծելն է, եթե չի կարողանում էդ փողը ստեղծել գոնե սպառողական զամբյուղը  ապահովելու համար, արդեն այդտեղ համապատասխան հետևություններ են գալիս կառավարության կենսունակության և գործունակության վերաբերյալ», – ասել է  Փաշինյանը: