Home / Հայաստան / Ինչ կարելի է գնել 2500 դրամով. նախարարը համաձայն չէ «խայտառակ գնաճի» հետ

Ինչ կարելի է գնել 2500 դրամով. նախարարը համաձայն չէ «խայտառակ գնաճի» հետ

Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլեյանից, թե քանի օր Հայաստանում մարդը կարող է ապրել 35 000 դրամով: Նշենք, որ հենց այդքան պետք է լինի նվազագույն աշխատավարձը՝ համաձայն Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի:

Վաչե Գաբրիելյանը չի նշել, թե միջին քաղաքացին քանի օր կարող է այդ գումարով ապրել, բայց, նրա խոսքով, մարդն այդ միջոցները ավելի երկար կարող է ծախսել՝  նախկինում հատկացվածի նկատմամբ:

Քանի որ նախկինի համեմատ նվազագույն աշխատավարձը ավելացել է ընդամենը 2500 դրամով, Փոստանջյանը նաև հետաքրքրվել է նախարարից, թե մարդ ինչ կարող է գնել այդ գումարով:

Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ 2500 դրամով մարդը կարող է գնել բազմաթիվ ապրանքներ:

Այնուհետև նախարարին հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը՝ խնդրելով տեղեկացնել, թե որքանով են իրար համահունչ «այդ հսկայական գումարը՝ 2500 դրամը» և նվազագույն սպառողական զամբյուղի չափը:

Նախարարն ընդգծել է, որ 35 000 դրամը որևէ կերպ հաշվարկված սպառողական զամբյուղը չի ծածկում, և կառավարությունում հասկանում են, թե այդտեղ կան որոշակի խնդիրներ: Այնուամենայնիվ, նա նշել է, որ իրենք պատրաստվում են այդ խնդիրները լուծել ժամանակի ընթացքում:

Նաիրա Զոհրաբյանը հարցրել է, թե «խայտառակ գնաճի պայմաններում» նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը ի՞նչ խնդիր կարող է լուծել:

«Հարգելով ձեր այն տեսակետը, որ ունենք 7 տոկոս տնտեսկան աճ, ցանկանում եմ իմանալ՝ արդյոք նման տնտեսական աճը չէ՞ր ենթադրում, որ նվազագույն աշխատավարձը կարող էր ոչ թե 2500 դրամով ավելանալ, այլ շատ ավելին», – ասել է Զոհրաբյանը:

Նախարարը չի համաձայնել պատգամավորի այն տեսակետի հետ, որ Հայաստանում «խայտառակ գնաճ» կա:

«Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված թվերը 2011- 2012 թվականների համար ասում են այն մասին, որ 2011 թվականի սկզբին՝ մարտ ամսին, գնաճը երկնիշ է եղել, բայց արդեն տարվա վերջին իջանք 4,6 տոկոսի: 2013-ին գնաճը  կլինի 4,5 տոկոս: Եվ չի կարելի դա անվանել խայտառակ գնաճ, քանի որ այն համընկնում է օրենսդրի սահմանած շրջանակներին», – ասել է նախարարը: