Home / Հայաստան / Ջրօգտագործողների ընկերություններում խախտումներ են գտել. մեղավորներին կպատժեն

Ջրօգտագործողների ընկերություններում խախտումներ են գտել. մեղավորներին կպատժեն

ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր և ջրաչափական սարքեր, այսինքն՝ մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է:

Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել նաև մատակարարված ջրի դիմաց հասանելիք վարձավճարների և անդամավճարների գանձման ուղղությամբ: Օրինակ, «Մասիս», «Մուսալեռ» և «Նաիրի» ընկերություններն իրենց 2010 և 2011 թվականների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կատարված ծախսերի ծավալը ներկայացրել են մի քանի միլիոն դրամով ավելի, իսկ եկամուտները՝ մի քանի միլիոնով պակաս:

ՀՀ վարչապետին զեկուցվել է նաև, որ ստուգված բոլոր ՋՕԸ-երի կողմից վարվող ջրբաշխիչ մատյաններում և տեղեկատվական բազաներում արտացոլված ջրտուքի տվյալների միջև առկա են եղել անհամապատասխանություններ:

Այս ամենի արդյունքում ՀՀ վարչապետը հանձնարարել է համապատասխան մարմիններին բացահայտված դեպքերի արդյունքում բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության: