Home / Հայաստան / Թաքցնում են ընտրություններից առա՞ջ. Զուրաբյանը նախարարին հարցրել է գազի գնի մասին

Թաքցնում են ընտրություններից առա՞ջ. Զուրաբյանը նախարարին հարցրել է գազի գնի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի խնդրին:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջերս կառավարության նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարումների դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին: Ըստ այդ տեղեկությունների, արդեն տևական ժամանակ է՝ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի 1000 խ.մ.-ի համար: Հայաստանն այդ նույն ժամանակաշրջանում ստացված գազի համար վճարել է 180 դոլար: Տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չվճարված գումարի փոփարեն Հայաստանը կվճարի իր բաժնեմասով: Եվ ահա վերոհիշյալ նիստում որոշվել է  «Հայռուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որ կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել Ռուսաստանին 63 միլիարդ դրամով:

Նույն տեղեկությունների համաձայն, այս գործարքը ծածկել է գնի տարբերությունը մինչև 2013 թվականի ապրիլի մեկը: Այդ օրվանից սկսած՝ Հայաստանը արդեն  վճարելու է 1000 խ.մ.-ի համար 240 դոլարի չափով», – ասել է Զուրաբյանը՝ հարցնելով ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե արդյո՞ք վերջինս հաստատում է այդ տեղեկությունը:

«Եթե այո, ապա ինչպես նման բախտորոշ որոշումը կարող է ընդունվել առանց հանրային լայն քննարկումների և գաղտնի պահվել հայ ժողովրդից: Արդյո՞ք նման որոշման կատարաման նպատակով այս նախագիծը ընգրկված չպետք է լիներ մասնավորեցման ծրագրի օրենքում», – հավելել է Լևոն Զուրաբյանը:

Արմեն Մովսիսյանը նշել է, որ տևական ժամանակ է, ինչ ՌԴ «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ բանակցությունները դեռևս շարունակվում են, և նախարարը որևէ բան բանակցությունների շրջանում հայտարարել կամ ասել չի կարող:

Մովսիսյանը նշել է նաև, որ միայն բանակցությունների ավարտին հանրությանը տեղյակ կպահեն արդյունքների մասին, որից հետո միայն որոշում կընդունվի:

Լևոն Զուրաբյանը հակադարձել է, թե խոսքը բանակցությունների մասին չէ, այլ կառավարության որոշման մասին է՝ վաճառել 20 տոկոսանոց  բաժնեմասը 63 միլիարդ դրամով: Նա ևս մեկ անգամ հարցրել է՝ արդյո՞ք նման որոշում գոյություն ունի:

«Թե՞ դուք թաքցնում եք հայ հասարակությունից մի պարզ պատճառով, որ եթե դա հայտնի դառնա, ապա բոլորը կհասկանան, որ նախագահական ընտրություններից առաջ փորձում եք այս գնի աղետալի բարձրացման մասին ինֆորմացիան թաքցնել՝ ակնկալելով, որ մինչև նախագահական ընտրություններ ցնցումներ չպետք է լինեն, որոնք կխարխլեն Սերժ Սարգսյանի ընտրարշավը: Կամ էլ, միգուցե, այդ բեռը ուզում եք թողնել հաջորդ իշխանության վրա», – ասել է Զուրաբյանը:

Արմեն Մովսիսյանը պատասխանել է, թե չի կարծում, թե գազի գնի բարձրացումը  նախագահական ընտրությունների հետ կապ ունի:

«ՌԴ-ն գազը վաճառում է ընդամենը: Ինչ վերաբերում է թաքցնելուն, մենք որևիցե  թաքցնելու բան չունենք: Բանակցություններն ընթանում են գաղտնի, ինչի համար գաղտնի, որովհետև միայն մենք չենք, Ռուսաստանն ԱՊՀ բոլոր երկրներին է  վաճառում գազ  և յուրաքանչյուրի նկատմամբ ունի առանձնահատուկ մոտեցում: Բանակցությունների ավարտին բոլորը տեղյակ կպահվեն: Այս պահին նման հայտարարություն անել, նման որոշում կա, թե ոչ…  այս պահին  չկա, չունենք նման որոոշում», – ասել է նախարարը: