Home / Տեսանյութեր / Սփյուռքահայ ներդրողի գործը ցանկանում են տեղափոխել ԱՄՆ՝ արդար քննության համար. նամակ ԱՄՆ դեսպանին

Սփյուռքահայ ներդրողի գործը ցանկանում են տեղափոխել ԱՄՆ՝ արդար քննության համար. նամակ ԱՄՆ դեսպանին

«Արին Կապիտալ» կորպորացիայի նախագահ Էդմոնդ Խուդյանն այսօր նամակ է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, որում շարադրել է իր հայցով դատական գործի մանրամասները:

Հիշեցնենք, որ սփյուռքահայ ներդրողը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»:

«Դեռևս գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները», – ասված է նամակում:

Խուդյանը նշում է նաև, որ իր դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և որ նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ: Նամակի հեղինակն առաջարկում է խոսել նրանց հետ և  հետևություններ անել,  թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:

«Հարկ եմ համարում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ»,- ԱՄՆ դեսպանին հայտնել է Խուդյանը: