Home / Հայաստան / Իրանցի բանտարկված ակտիվիստները Սախարովի անվան մրցանակ ստացան

Իրանցի բանտարկված ակտիվիստները Սախարովի անվան մրցանակ ստացան

Եվրոպայի խորհրդարանը երեկ հայտարարել է 2012 թվականի Անդրեյ Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների և մտքի ազատության պաշտպանությանն ուղղված գործողությունների համար:

Այս տարի մրցանակին են արժանացել իրանցի իրավապաշտպան Նասրին Սոտուդեհը և իրանցի ռեժիսոր Ջաֆար Պանահին:

Ինչպես լրագրողներին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հաղթողների օգտին խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները քվեարկել են միաձայն: Մրցանակը հանձնվելու է դեկտեմբերին, հաղթողները ստանալու են 50 հազար եվրո:

Սոտուդեհը ձերբակալված է 2010 թվականից սեպտեմբերից 2009 թվականի Իրանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ակցիաներին մասնակցելու համար, ինչպես նաև հակաիրանական քարոզչության տարածման մեղադրանքով: Նա սկզբում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, հետագայում միջազգային հանրության ճնշման շնորհիվ պատիժն իջեցվել է 6 տարվա:

Պանահին հայտնի է նրանով, որ իր ֆիլմերում բարձրացնում է Իրանում առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: 2010 թվականին նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման հակաիրական քարոզչության մեղադրանքով, ինչպես նաև նրան 20 տարվա ընթացքում արգելել են ֆիլմեր նկարահանել:

Հիշեցնենք, որ մրցանակին հավակնում էին նաև Բելառուսում ազատազրկված իրավապաշտպան Ալես Բելյացկին, ռուսաստանյան Pussy Riot փանկ խմբի բանտարկված անդամները՝ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան, ինչպես նաև վերջերս ազատ արձակված նույն խմբի անդամ Եկատերինա Սամուցևիչը, պակիստանցի իրավապաշտպան Ջոզեֆ Ֆրենսիսը և Ռուանդայի ընդդիմության երեք ակտիվիստներ՝ Վիկտուար Ինգաբիրե Ումուհոզան, Դեոգրատիաս Մուշաիդին և Բեռնարդ Նտագանդան, ովքեր ներկայումս անազատության մեջ են գտնվում: