Home / Տեսանյութեր / Ամերիկացի պաշտոնյան գովել է հայկական խաղաղապահ ուժերին

Ամերիկացի պաշտոնյան գովել է հայկական խաղաղապահ ուժերին

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպման ժամանակ:

«Ռազմական ոլորտում համագործակցությունը մենք պայմանականորեն բաժանել ենք երկու ուղղությունների, առաջինը խաղաղապահ կարողությունների զարգացումն է, որը, բացի խաղաղապահ գործողություններից, ենթադրում է նաև համագործակցության խորացում ռազմաբժշկական ոլորտում, ինչպես նաև հումանիտար ականազերծման խնդիրների իրականացում: Երկրորդ ուղղությունը պաշտպանական բարեփոխումներն են՝ հատկապես ռազմական կրթության ոլորտում վերապատրաստման խնդիրների իրականացման, կրտսեր սպայական կազմի պատրաստության, արհեստավարժ սերժանտական համակարգի ձևավորման և, իհարկե, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ, որը իրականացնում ենք նաև Ռազմածովային հետևակի հետ, վերջինս էլ ենթակա է Ռազմածովային քարտուղարին: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դինամիկ կերպով զարգացնում ենք մեր համագործակցությունը: Համատեղ աշխատանքները շարունակական են լինելու նաև 2013 թվականին», – ասել է Սեյրան Օհանյանը:

Ռեյ Մաբուսը նշել է, որ ԱՄՆ անչափ կարևորում է այն սերտ հարաբերությունները, որոնց զարգացման վառ ապացույցն են ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների այցելությունները Հայաստան, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի այցելությունը Միացյալ Նահանգներ:

«Ես ուզում եմ իմ գովեստի խոսքը հայտնել հայկական խաղաղապահ ուժերին Կոսովոյում, Աֆղանստանում իրականացվող աշխատանքների համար: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանդես է գալիս ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու կարևոր ծրագրերով: Այդ տեսանկյունից լուրջ աշխատանքներ են ձեռնարկվում: Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերը աշխատել են նախարարության հետ ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում վարժանքներ իրականացրել», – նշել է Մաբուսը:

Նա ասել է, որ ԱՄՆ Ծովահետևակային կորպուսը 2012թ. Սևծովյան ռոտացիոն շրջանում ՀՀ զինված ուժերին ներգրավել է վարժանքներում: