Home / Հայաստան / Հայաստանում կանայք թաքցնում են, որ սեռական բռնության են ենթարկվել

Հայաստանում կանայք թաքցնում են, որ սեռական բռնության են ենթարկվել

2010 թվականից մինչ օրս բռնության ենթարկված և օգնություն ցույց տվող կենտրոն դիմած կանանց թիվն ավելացել է: Կանանց իրավունքների կենտրոնը ստացել է կանանց հանդեպ ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնության 1044 դեպքի մասին ահազանգ, որոնցից ընդամենը 10-ը սեռական բռնության դեպքեր են: Կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ սեռական բռնության դեպքերն իրականում ավելի շատ են, պարզապես կանայք պետք է հաղթահարեն բազում բարդույթներ այս մասին հայտնելու համար:

Կենտրոնի իրավաբան Աստղիկ Կարապետյանն ասել է, որ իրենք պահպանում են դիմողի անձի գաղտնիությունը, աջակցում են քրեաիրավական խորհրդատվությամբ, նույնիսկ եթե ոստիկանությունում  հարցված գործը կարճվում է: Ոստիկանությունում 2010-2012թթ. ընտանեկան հարցերով 310 գործ է հարուցվել, 41-ը կարճվել են կողմերի միջև համաձայնությամբ: «Լինում են դեպքեր, երբ կինը հետ է վերցնում հայցը, չի ցանկանում նախկին ամուսնուն, երեխաների հորը բանտում տեսնել, այլ միայն ապահարզան է պահանջում: Մենք նրա հետ ենք մինչև վերջ, ալիմենտ պահանջելու, սեփականության իրավունքը պահելու հարցերում»,- ասել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնը մշակել է ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, որը, սակայն, հավանության չի արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից  և հետ է ուղարկվել վերանայման:

«Քանի դեռ պատրաստ չէ նախագիծը, չենք կարող բացահայտել՝ որ կետերն են փոխվելու: Սակայն օրենքը կարևոր է, քանի որ ընտանեկան բռնության մասին օրենքի մենք երկար ենք սպասել: Օրենքը պատժամիջոց չի սահմանում, դրանով իրազեկման մակարդակը պետք է բարձրանա: Օրենքը տալիս է զոհի, բռնարարի սահմանում: Պատժամիջոցները սահմանվում են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- ասել է Կարապետյանը: