Home / Հայաստան / Բողոք ՌԴ դեսպանատան մոտ. մայրերը պահանջել են որդիներին Հայաստանում դատել (ՖՈՏՈ)

Բողոք ՌԴ դեսպանատան մոտ. մայրերը պահանջել են որդիներին Հայաստանում դատել (ՖՈՏՈ)

Արագածոտնի մարզի Նիգավան և Լոռու մարզի Օձուն գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել են Ռուսաստանի դեպանատան մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ու դիմում-նամակ հանձնելու Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ակցիայի մասնակիցները ապրիլի 5-ին Ռուսաստանում ձերբակալված 4 հայ երիտասարդներից երկուսի՝ Էդգար Մարտիրոսյանի և  Համլետ Ալեքսանյանի ծնողները, հարազատները, համագյուղացիներն են, ովքեր պնդել են, որ իրենց զավակներին անհիմն մեղադրանք են առաջադրել ու կեղծ հիմքերով կալանավորել են:

«Ուզում ենք մեր ձայնը հասցնել դեսպանին: Յոթ ամիս է՝ առանց ապացույցի օտար երկրում մեր երեխեքին  կալանավորել են, փաստաբանին ու օրինական վկաներին առհամարում են», – բողոքել է Էդգար Մարտիրոսյանի մայրը՝ Սիլվա Մանուկյանը:

Վերջինս պատմել է, որ տղան 5 տարի առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի ու շուտով պետք է քաղաքացիություն ստանար:

«Ապրիլի 5-ի առավոտյան, ժամը 4-ի սահմաններում տղաս, ով վարորդ է աշխատում,  իր երեք ընկերների հետ պատրաստվել է աշխատանքի գնալ, բայց տնից մոտ 150 մետր հեռավորության վրա ոստիկանները կանգնեցրել են մեքենան ու ձերբակալել: Բաժին տանելուց 72 ժամ անց տղաներից 2-ին, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, բաց են թողել, իսկ 2-ին  մինչ օրս պահում են անորոշության մեջ: Նրանց մեղադրել են անբարոյական 3 կանանց բռնաբարության, այնուհետ նրանց կողոպտելու մեջ, սակայն ավելի ուշ բռնաբարության վարկածը հերքվել է», – պատմել է Սիլվա Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրենք դիմել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ խնդրելով  միջամտել գործին, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

«Մենք արդարություն ենք պահանջում, եթե սխալ են գործել, թող դատապարտեն,  այլ ոչ թե առանց որևէ փաստի այսքան չարչարեն: Գործը դատարան չի մտնում, ամեն տեղ մեզ արհամարհում են, չգիտենք՝ ում դիմենք: Սա խտրականություն է, ու մտածված է սարքվել այս ամենը: Ռուսաստանը ե՞րբ է մեզ ընդունել, չնայած անունով դաշնակից ենք: Մենք պահանջում ենք մեր երեխաների օրենքին խստությամբ դատեն Հայաստանում, եթե մեղավոր են», – բողոքել է ակցիայի մասնակից Սերյոժա Մելքոնյանը:

Էդգար Մարտիրոսյանի քեռին՝ Արմեն Մանուկյանը, նշել է, որ իրենք նամակ են հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն որևէ արձագանք չեն ստացել:

«Ամեն ամիս երկարացնում են՝ նոր նյութեր հավաքելու ակնկալիքով, սակայն մինչ օրս չեն գտնում», – ասել է Մանուկյանը:

Համլետ Ալեքսանյանի մայրը՝ Սիլվա Ալեքսանյանը, նշել է, որ իր որդին ՌԴ է մեկնել սոցիալական կարիքից դրդված ու փոխանակ աշխատելու՝ դարձել  է մեղադրյալ:

«Պահաջում ենք արդարություն, թող ամեն ինչ արդար լինի: Մեր երեխեքին, որ չեն ծխում ու չեն խմում, այսօր դարձրել են հանցագործ»,- բողոքել է մայրը:

Ակցիայի մասնակից Արմեն Մանուկյանին ընդունել են Հայաստանում ՌԴ-ի դեսպանատան ներկայացուցիչն ու բացատրել, որ նամակը փոստով կարող է փոխանցել դեսպանին:

«Դեսպանը մեզ չընդունեց, բայց հասկացանք, որ հետամուտ  է լինելու, մենք նույնպես հետամուտ կլինենք, որպեսզի իմանանք նամակի վերջնական պատասխանը», – եզրափակել է Մանուկյանը: