Home / Հայաստան / Նույնասեռականների խնդիրների մասին ֆիլմը ցուցադրեցին Վանաձորում

Նույնասեռականների խնդիրների մասին ֆիլմը ցուցադրեցին Վանաձորում

Վանաձորի «Խաղաղության երկխոսության» գրասենյակում կազմակերպության «Տեսնենք, ընտրենք, փոխենք…» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել սերբական «Parada» ֆիլմի ցուցադրությունը, որին մասնակցել է 25 վանաձորցի:

Հիշեցնենք, որ Երևանում ֆիլմի ցուցադրության Գերմանիայի և Եվրամիության հայաստանյան պատվիրակությունների փորձերը մի քանի անգամ անհաջողությամբ են ավարտվել՝ ազգայնական ուժերի կողմից կազմակերպված բոյկոտի պատճառով:

Ըստ կազմակերպիչների՝ քանի որ կազմակերպությունը վանաձորցի երտասարդների համար հարթակ է ստեղծում՝ ամենատարբեր խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու և սեփական կարծիքները արտահայտելու համար, ուստի սա հենց այն ֆիլմն է, որի միջոցով հնարավոր կլիներ քննարկում ծավալել բարձրացված խնդիրների վերաբերյալ, փորձել բացահայտել դրանց էությունը, գտնել նմանություններն ու հակասությունները հայ իրականության հետ:

«Քննարկման մասնակիցները գտնում էին, որ այսօր Հայաստանում, համատարած վախի և (ոմանց) անպատժելիության մթնոլորտում քաղաքացին դադարել է սեփական պետության հիմնական արժեքը լինելուց: «Այդ է երևի պատճառը, որ մեր փոխարեն որոշում են, թե մենք ինչ պետք է անենք, ինչին հավատանք, կամ, անգամ, ինչ ֆիլմեր դիտենք,» – ասել է մասնակիցներից մեկը: «Զուր չէ ասացվածքը. եթե ինքդ ի վիճակի չես որոշում ընդունել, անպայման կգտնվի մեկը, որ կկայացնի այն քո փոխարեն»»,- մեկ այլ մասնակցի խոսքերն է փոխանցում կազմակերպության պաշտոնական կայքը: