Home / Հայաստան / Պետական ծառայողները 2013 թվականին ավելի վատ կապրեն, եզրակացրել են ԱԺ-ում

Պետական ծառայողները 2013 թվականին ավելի վատ կապրեն, եզրակացրել են ԱԺ-ում

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2013թ. բյուջեով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հատկացվող գումարները, որոնք կազմելու են 57 միլիարդ 500.6 միլիոն դրամ:

Այսպես` ԱԻՆ-ին տրվելու է 4.7 միլիարդ դրամ, ինչը 18%-ով  գերազանցում է նախորդ տարվա ֆինանսավորումը, ոստիկանությանը տրամադրվելու է 27.7 միլիարդ դրամ` դա 2012 թվականի ցուցանիշը գերազանցում է 22%-ով, իսկ ԱԱԾ-ին տրվելու է 14 միլիարդ դրամ, ինչն էլ նախորդ տարվա հատկացումից 23.7%-ով է ավել: 2,29 միլիարդ տրվելու է պետական պահպանության գլխավոր վարչությանը, իսկ մնացած 8 միլիարդից ավելին՝ քրեակատարողական հիմնարկներին:

Պետական բյուջեից ոլորտին հատկացվող գումարների աճը պայմանավորված է եկամտային հարկի մասին նոր օրենքով, որով նախատեսվում է հարկի բարձրացում: Սաֆարյանի խոսքով՝ պետությունը 2013 թվականին 34 միլիարդ դրամ ավելին է վճարելու, որպեսզի եկամտային հարկի մասին օրենքի պատճառով այդ հիմնարկների պետական ծառայողների աշխատավարձը չպակասի:

ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցին` արդյոք, բացի եկամտահարկի բարձրացումից, այլ գործոններ, օրինակ` սղաճ, գնաճ, հաշվի առնվել են, թե` ոչ, Սաֆարյանը բացասական պատասխան է տվել:

Պատասխանից հետո ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը փորձել է ճշտել, արդյոք դա նշանակում է, որ մարդկանց ապրելու պայմանները կվատանան: Սաֆարյանը նկատել է, որ նման եզրակացություն կարելի է անել: