Home / Հայաստան / Զինվորը մի քանի հիվանդությամբ է զորակոչվել բանակ. նրան չեն զորացրում

Զինվորը մի քանի հիվանդությամբ է զորակոչվել բանակ. նրան չեն զորացրում

2012 թվականի հունիսի 30-ին ՀՀ զինված ուժեր զորակոչված վանաձորցի Հովիկ Կախյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որի պատճառով նա չի կարողանում լիարժեք ծառայությունն անցնել Իջևանի զորամասերից մեկում: Այդ խնդիրը նա ունեցել է նաև զորակոչվելու ժամանակ: Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որին այսօր իր որդու պաշտպանության հարցով դիմել է Կախյանի հայրը՝ Ա.Մագթաղյանը:

Ըստ ծնողի հայտնած տեղեկատվության՝ Կախյանը ծառայել է ընդհանուր առմամբ 15 օր, զինվորական ծառայության մյուս օրերին նա մշտապես գտնվել է կամ զորամասի բուժկետում կամ հոսպիտալում:

Հովիկ Կախյանը ունի առողջական լուրջ խնդիրներ՝ միաժամանակ մի քանի հիվանդությունների զուգակցմամբ, մասնավորապես՝ ձախ ականջի թմբկաթաղանթը բացակայում է, ձախ ականջից մշտապես թարախահոսություն կա, ունի կակազություն, նախկինում դեղնախտով հիվանդանալու հետևանքով բողոքում է լյարդի շրջանում ցավերից, ունի II-III աստիճանի հարթաթաթություն, արյան ճնշման տատանումներ և ռադիկուլոպաթիա: Այս ամենը ախտորոշվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2012 թվականի հունվար անցկացված հետազոտությունների արդյունքում:

Հովիկ Կախյանի հայրը և եղբայրը հանդիսանում են երկրորդ կարգի հաշմանդամ: Վերջինս 2004 թ-ի հոկտեմբերի 7-ին մարտական հերթապահության ժամանակ պայթել է ականի վրա, որի հետևանքով կտրվել է աջ ոտքը` ծնկից ցած:

Մագթաղյանը պատմել է իրավապաշտպաններին, որ զորակոչվելուց 3 օր հետո Հովիկ Կախյանի մոտ սկսել է ականջի թարախահոսություն, որի պատճառով նա պառկել է զորամասի բուժկետում մոտավորապես 20 օր: Այդ ընթացքում որևէ բուժում չի ստացել մասնագետի բացակայության պատճառով: Փոխարենը՝ Հովիկ Կախյանի մայրը ականջի և քթի դեղեր է տարել զորամաս, որպեսզի դրանով բուժեն որդուն: Այնուհետև Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, որտեղ բժիշկը չի ընդունել՝ հիմնավորելով, որ դեռեւս երդմնակալությունը տեղի չի ունեցել, և կարող է ընդունել միայն այն տեղի ունենալուց հետո: Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հովիկ Կախյանի երդման արարողությունը, որից 3 օր անց՝ օգոստոսի 19-ին, Հովիկ Կախյանին տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, իսկ հաջորդ օրը՝ Երեւանի Մուրացան հոսպիտալ: Նա 2012 թվականի սեպտեմբերին բուժվել է Մուրացանի «ԼՕՌ» բաժանմունքում:

Սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել և տեղափոխվել զորամաս, սակայն մի քանի օր անց Հովիկ Կախյանը մորը տեղեկացրել է, որ իր մոտ առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ ցավեր ստամոքսի և լյարդի շրջանում և հայտնել է, որ իր մոտ կասկածում են դեղնախտի ախտանիշներ, քանի որ առանձնացրել են մյուս զինծառայողներից, որը հետագայում հերքվել է: Մի քանի օր շարունակ տղան գանգատվել է նաև վատ մարսողությունից: Արդյունքում, Հովիկին կրկին տեղափոխել են Վանաձորի զինկոմիսարիատ: Հովիկը շարունակել է գանգատվել ծանր լսողությունից, նույնիսկ մորն ասել է, որ վիրավորվում է, երբ  մյուսները իրեն անվանում են «քյառ»:

«Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք այնպիսի դեպքի, երբ ՀՀ ՊՆ հրամանով առանձին հիվանդությունների դեպքում զինծառայողը ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայությանը կամ պիտանի ծառայությանը սահմանափակումներով, սակայն հաշվի չի առնվում մի քանի հիվանդությունների համակցությունը:

Չնայած Հովիկ Կախյանի մոր բազմաթիվ նամակներին այն մասին, որ իր որդին բուժման կարիք ունի և տվյալ պահին նրա առողջական վիճակը անհամատեղելի է զինված ուժերում զինվորական ծառայութան հետ` Հովիկը ներկայումս գտնվում է զորամասում և ամեն անգամ նոր հետազոտություններ են իրականացվում: Արդյունքում Հովիկ Կախյանի առողջական վիճակի հետազոտությունները և դրանց վրա հիմնված բուժումները անարդյունավետ են: Հետևաբար, Հովիկ Կախյանը ի վիճակի չէ շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Գտնում ենք, որ նման վերաբերմունքը զինծառայողի առողջական խնդիրների նկատմամբ կարող է առաջացնել զինծառայողի առողջական վիճակի վատթարացում և բացասական հետևանքներ զինծառայողի կյանքի համար, որի ողջ պատասխանատվությունը կկրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պաշտպանական գերատեսչությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել Հովիկ Կախյանի առողջական վիճակի պարզաբանման և զինվորական ծառայությունից նրան վաղաժամ զորացրելու համար», – եզրափակում է իրավապաշտպան կազմակերպությունը: