Home / Հայաստան / ՄԻԱՎ-ով ապրող 5-ամյա փոքրիկին մանկապարտեզ չեն ընդունում. նա զբաղվում է մուրացկանությամբ

ՄԻԱՎ-ով ապրող 5-ամյա փոքրիկին մանկապարտեզ չեն ընդունում. նա զբաղվում է մուրացկանությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի քանի օր է՝ փորձում է ՄԻԱՎ-ով ապրող 5-ամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով և սնունդով։ Չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Համաձայն հաղորդագրության՝ երեխան, բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաև մի շարք այլ հիվանդություններ՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:

Չունենալով սոցիալական օգնություն տրամադրելու ո´չ իրավասություններ, և ո´չ էլ միջոցներ՝ երեխայի ցերեկային խնամքի ապահովման համար Գրասենյակը դիմել է նման խնդիրներով զբաղվող շուրջ 18  կառույցների՝ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների։ Նրանց մի մասը մերժել է երեխային ընդունել իրենց հաստատություն նրա հիվանդության պատճառով, մյուս մասը մերժումը հիմնավորել է գերծանրաբեռնվածությամբ, երրորդներն էլ պատճառաբանել են, որ իրենց հաստատությունում կան նաև այլ երեխաներ, ում առողջության համար փոքրիկը վտանգ կարող է ներկայացնել:

«Հասկանալով, որ որոշ համաքաղաքացիների համար երեխայի ներառումը համապատասխան մանկապարտեզներում սեփական երեխաների առողջության համար կարող է վտանգավոր համարվել, այդուհանդերձ վստահ ենք, որ երեխային անօգնական թողնելը հակաիրավական է և անմարդկային: Այս, ինչպեսև բոլորիս երեխաներին, ծայրահեղ անհրաժեշտ է սնունդ, կացարան և խնամք։ Չնայած որոշ հասարակական կազմակերպություններ արդեն տրամադրել են որոշակի հագուստ և սնունդ, սակայն երեխայի ցերեկային խնամքի խնդիրը դեռ մնում է չլուծված, որի պատճառով մայրը չի կարողանում աշխատել և այլևս չզբաղվել մուրացկանությամբ։

Պահանջում ենք բոլոր համապատասխան պետական կառույցների շուտափույթ միջամտությունը, ինչպես նաև խնդրում բոլոր բարեսեր կազմակերպություններին և անհատներին հնարավոր աջակցություն տրամադրել դժվարին պայմաններում հայտնված փոքրիկին: Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` 116 հեռախոսահամարով», – ասված է հաղորդագրության մեջ: