Home / Հայաստան / Հայաստանում 3 միլիոն մարդ չկա. ինչպե՞ս է ծախսվելու ավելացված գումարը

Հայաստանում 3 միլիոն մարդ չկա. ինչպե՞ս է ծախսվելու ավելացված գումարը

Կառավարությունն անգամ առկա ռեսուրսների դեպքում ճիշտ լուծումներ չի գտել առողջապահական համակարգի պետական ֆինանսավորում տրամադրելու հարցում: Այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեից ոլորտին հատկացվող գումարների  քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ նախ պետք է առողջապահական համակարգի եկամուտները հաշվարկվեին, ապա ծախսերն ամրագրվեին:

Բագրատյանը նշել է, որ սոցփաթեթների թիվը գալիք տարվա ընթացքում ավելանալու է 20000-ով՝ հասնելով 150.000-ի, սակայն պետական բյուջեում որևէ կետով նշված չէ, թե որքանն են դրանցից կազմելու առողջական ապահովության համար օգտագործվող սոցփաթեթները: Ըստ Բագրատյանի՝ մինչ այդ թիվը հայտնի չէ, հնարավոր չէ հասկանալ՝ որքան է ոլորտի իրական պետական ֆինանսավորումը:

Նշենք, որ պետական աշխատողներին տրամադրվող սոցփաթեթները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում, օրինակ, հանգիստը կազմակերպելու կամ առողջական վիճակը շտկելու համար:

Բագրատյանը նկատել է, որ առողջապահության ոլորտին տրվում է ՀՆԱ-ի ընդամենը 4.5%-ը, իսկ, օրինակ, առողջապահության ոլորտի ծախսերը ԱՄՆ-ում կազմում են ՀՆԱ-ի 15%, եվրոպական երկրներում՝ 8-10%:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նկատել է, որ ծրագրի թերություններից մեկն այն է, որ դրանում բուժօգնությանը հատկացվող գումարը հաշվարկում են մեկ շնչի չափով՝ հիմք ընդունելով այն, որ Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ: Քանի որ այդքան մարդ Հայաստանում չկա, հարց է մնում` ինչպես են ծախսվելու ավելացված գումարները: