Home / Տեսանյութեր / «Ամոթ, նախագահ». Բողոքողները ցանկանում էին հանդիպել միայն Սերժ Սարգսյանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամոթ, նախագահ». Բողոքողները ցանկանում էին հանդիպել միայն Սերժ Սարգսյանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա անցկացնող Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերին տեսնելով՝ աշխատանքի ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը կանգ չի առել: Ավտոշարասյան մոտենալուն պես՝ ակցիայի մասնակիցները  թափահարել են սպիտակ դրոշներ, բարձրացրել են իրենց դիմում նամակները, որոնք ուղղված են եղել Սերժ Սարգսյանին:

Բնակարանատերերի կարծիքով՝ նախագահը  խուսափում ու վախենում է հանդիպել իրենց հետ, քանի որ ոչ մի ասելիք իրականում չունի:

Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանն ասել է, որ իրենք հատուկ են ընտրել ակցիայի վայրը՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկը:

«Մենք բազմիցս ակցիաներ ենք անցկացրել նստավայրի մոտ, սակայն ոչ մի արձագանք չենք ստացել: Հիմա մտածում ենք, որ գոնե նախագահն իր աչքով կտեսնի մեր հանրապետության բազմահազար անտուն մնացածների մի մասին ու գութը կշարժվի», – Еpress.am-ի հետ զրույցում ասել է Մաղաքյանը:

Չնայած ոստիկանների  արգելքներին՝ բնակարանատերերը կանգնել են մայթեզրին ու վանկարկել են՝ «ամոթ, նախագահ», երբ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը անցել է նրանց կողքով:

«Մնում ա Ղարաբաղից սպեցնազ բերեն, որ նախագահին պաշտպանի շարքային ժողովրդից: Էդքան վախենո՞ւմ եք, բա Հայաստանի հողը ո՞նց եք պաշտպանելու», – ասել է Մաղաքյանը:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ, որտեղ մոտ երկու տասնյակի հասնող ոստիկանները՝ պատ կազմած արգելել են նրանց անցնել Բաղրամյան փողոցը, ինչի արդյունքում նրանց միջև հրմշտոց է սկսվել: Բնակարանատերերը, այնուամենայնիվ, անցել են փողոցը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել հասնել նախագահական նստավայրի դարպասներին: Ավելի ուշ ցուցարարներին է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանն ու հորդորել նամակներն հանձնել իրեն ու չաղմկել: Ակցիայի մասնակիցները հրաժարվել են Ասատրյանին հանձնել նամակները՝ պատճառաբանելով, որ նախկինում հանձնած բոլոր նամակները անպատասխան են մնացել ու իրենք այլևս որևէ մեկի չեն վստահում:

«Մենք պահանջում ենք հանդիպում միայն Սերժ Սարգսյանի հետ, ուրիշ ոչնչով մեզ խաբել չեք կարող: Եթե նախագահը տղամարդկություն ունի ու կարող է մեզ ընդունել, խնդրեմ, բայց մենք վստահ ենք, որ նա վախկոտի մեկն է: Ոչինչ, շուտով ընտրություններն են ու գիտի նորից իրե՞ն ենք ընտրելու», – հակադարձել են ակցիայի մասնակիցները:

Ավելի ուշ բնակարանատերերը հեռացել են, սակայն խոստացել են, որ անպայաման հետևողական են լինելու ու շարունակելու են նմանատիպ ակցիաները: