Home / Տեսանյութեր / «Կապ չունի՝ ինչ քաղաքական հայացքներ ունեն». ԲՀԿ-ի երիտասարդները միացան ակցիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կապ չունի՝ ինչ քաղաքական հայացքներ ունեն». ԲՀԿ-ի երիտասարդները միացան ակցիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների համար ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ անցկացվող բողոքի ցույցին, բացի ՀԱԿ ներկայացուցիչներից ու ակտիվիստներից, մասնակցում էին նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այստեղ էին ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդները, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները:

ԲՀԿ երիտասարդների միության փոխնախագահ Նարեկ Վանեսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով ցույցին իրենց մասնակցության պատճառների մասին, ասել է.

«Քանի որ մենք ՀՀ ամենահզոր երիտասարդական կառույցն ենք ու անհանգստացած ենք երիտասարդների ապագայով, կապ չունի՝ ինքը ինչ քաղաքական կողմոնորոշում ունի, այդ առումով մենք այս պահին ներկա ենք և զուտ հետևում ենք, թե այստեղ ինչ է  կատարվում: Հետևելուց հետո, բնականաբար, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Նաև տեղեկացնեմ, որ երեկ Նուբարաշեն ՔԿՀ-ում ԲՀԿ երիտասարդների միության  նախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Տիգրան Առաքելյանի  հետ»:

Վանեսյանը հանդիպումից դեռևս մանրամասն տեղեկություններ չունի. նրա խոսքով՝ Վահե Էնֆիաջյանն ինքը կպատմի այդ մասին:

Դատարանի բակում ելույթ  է ունեցել նաև հրապարակախոս, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը:

«Ես տեսնում եմ, որ այսօր այստեղ հավաքվել են այն բոլոր մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանում չեն կարող մարդիկ հետապնդվել իրենց քաղաքական պատկերացումների համար, մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ պատկերացումների համար: Ես տեսնում եմ, որ այստեղ հավաքվել են տարբեր քաղաքական պատկերացումների մարդիկ, սակայն նրանց մոտեցումը մեկն է՝  Հայաստանում չեն կարող հետապնդվել և չի կարող որևէ մեկը բանտարկվել, զրկվել ազատությունից ընդամենը նրա համար, որ պատկանում է որևէ կուսակցության, որը հաճույքով չի կարող ենթարկվել այսօրվա ռեժիմին: Մենք տեսնում ենք, որ դատաիրավական համակարգը ամբողջովին, ուղնուծուծով ենթակա է այսօրվա իշխանությանը բռնազավթված փոքրիկ մի խմբի»,- ասել է Զառա Հովհաննիսյանը: