Home / Հայաստան / Ով ավելի շատ արտասանեց «շահարկում». Փաշինյանը վստահ է՝ ԱԳ նախարարն իրեն հաղթել է

Ով ավելի շատ արտասանեց «շահարկում». Փաշինյանը վստահ է՝ ԱԳ նախարարն իրեն հաղթել է

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԺ-ում 2013 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշ հարցեր շահարկում է:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն ընդամենը փաստերն է արձանագրում, և եթե տվյալ դեպքում կա շահարկող, ապա դա ՀՀ ԱԳ նախարարն է:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ երբ ՀՀ ԱԳ նախարարն օգոստոսի կեսերին մեկնել էր Հարավ-արևելյան Ասիա շրջայցի, այդ նույն օրերին ադրբեջանական դիվանագիտությունը Եվրոպայում կարողացավ հասնել իր մարդասպանի (Ռամիլ Սաֆարովի – խմբ.) ազատ արձակմանը: Պատգամավորի խոսքով՝  դա ցույց է տալիս, թե ՀՀ ԱԳՆ-ն ինչպես է աշխատում:

Նիկոլ Փաշինյանը նաև հարցրել է նախարարին, թե 2012 թվականի ընթացքում քանի երկրի նախագահ է այցելել Հայաստան:

Խոսելով Սաֆարովի հարցում Հայաստանի կատարած քայլերի մասին՝ նախարարը նշել է, որ ԱԳՆ-ն միշտ և ոչ միայն այդ ընթացքում էր քայլեր ձեռնարկում՝ տարիներ շարունակ աշխատելով այդ ուղղությամբ:

«Եվ այստեղ պետք չէ շահարկել և ինչ-որ գնահատականներ տալ և պիտակներ կախել, որովհետև պիտակներ կարելի է կախել տարբեր բաներին: Ես էլ կարող եմ կախել պիտակներ, և շատ ավելի էֆեկտիվ կլինի դա, վստահ եղեք», – ասել է նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ այս տարի Հայաստան է այցելել է 20 երկրների արտգործնախարար: Նախարարի խոսքով՝ վերջին 10-ամյակի համար դա աննախադեպ է:

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, թե նախարարը շատ բոցաշունչ ճառ արտասանեց, բայց, ցավոք սրտի, իր հարցերին չպատասխանեց: Փաշինյանը հիշեցրել է, որ ԱԺ-ում ինքն արդեն ասել է, որ Ռամիլ Սաֆարովին ազատելու նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում, Հայաստանը Հունգարիայում դեսպան չի ունեցել:

«Սա փաստ է: Հիմա անունը դրեք շահարկում, պիտակ… Ձեզ թվում է, որ շահարկում բառը շատ օգտագործում եք, ձեր խոսքը դրանից ավելի տպավորի՞չ է դառնում: Ես փաստեր եմ արձանագրում, եթե ունեք ուրիշ փաստեր, արձանագրեք այդ փաստերը, իսկ եթե որոշել եք ինձ հետ մրցակցության մեջ մտնել, թե ով ավելի շատ կարտասանի շահարկում բառը, ապա Դուք հաղթեցիք: Ինչքան ուզում եք՝ ասեք շահարկում: Որովհետև եթե այստեղ շահարկող կա, դա դուք եք: Ես որևէ բան չեմ շահարկում, ընդամենը փաստեր եմ արձանագրում: Երկրորդը՝ ի վերջո դժվար էր ասել՝ քանի նախագահ է այցելել Հայաստան: Ասում եք՝ ամբողջ աշխարհը մեր տեսակետներն է կիսում, բայց մենք, ցավոք սրտի, դա մենակ ձեզանից ենք լսում: Էդ ամբողջ աշխարհում մի երկու հոգի չկա՞, գա, Հայաստանում ասի՝ «գիտեք ինչ, մենք ձեր տեսակետները կիսում ենք»,- ասել է Փաշինյանը:

Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ ասել, թե Հայաստանը Հունգարիայում չի ունեցել  դեսպան Սաֆարովի դեպքին նախորդող վեց ամսվա ընթացքում, դա շահարկում է: Նալբանդայնի խոսքով՝ ինքն այդ բառը պետք է օգտագործի, որովհետև դա, արտգործնախարարի կարծիքով, բացահայտ շահարկում է:

«Որովհետև, գիտեք, դեսպանների նշանակումն այդպես չի կատարվում, որ պարոն Փաշինյանը որոշի, մյուս օրը ինքն արդեն նշանակված է: Դեսպանների նշանակումը գործընթաց է, որը պահանջում է ագրեմանի (դիվանագիտական համաձայնության) ստացում, որը տևում է երկու-երեք ամիս: Դրանից հետո հավատարմագրերի ստացումը ևս տևում է մի քանի ամիս, այդպես էլ եղել է Հունգարիայում: Եվ դա կապված չէ ԱԳՆ-ի որևէ թերացման հետ», – ասել է Նալբանդյանը: