Home / Հայաստան / «Ջուր ուզելու դեպքում էլ Վահեին դուրս կկանչեին». տուժածը՝ «Հարսնաքարի» դեպքի մասին

«Ջուր ուզելու դեպքում էլ Վահեին դուրս կկանչեին». տուժածը՝ «Հարսնաքարի» դեպքի մասին

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր շարունակվել է տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը:

Տուժողին հարցեր են ուղղել ամբաստանյալների պաշտպանները: Նրանց հետաքրքրել է, մասնավորապես, թե հիշո՞ւմ է արդյոք Բայադյանը, թե իրենց պաշտպանյալներից յուրաքանչյուրը հարվածել է իրեն, թե ոչ: Բայադյանն ասել է, որ չի հիշում, թե ով քանի անգամ է հարվածել և կոնկրետ ում է հարվածել ամբաստանյալներից յուրաքանչյուրը, քանի որ ինքն այդ ամենը ֆիքսելու վիճակում չի եղել:

Հարց է հնչել նաև, թե որևէ մեկը փորձո՞ւմ էր վիճաբանությունը դադարեցնել, հաշտեցնել: Բայադյանն այդ մասին ևս չի հիշել:

Իր նախաքննական ցուցմունքում Բայադյանն ասել էր, որ ԶԼՄ-ներից և իր ծանոթներից իմացել է, որ ծեծողները ոչ թե «Հարսնաքարի» աշխատակիցներ էին, այլ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Արման Խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանն այսօր փորձել է ճշտել, թե Բայադյանը որ ԶԼՄ-ներից կամ ինչ ծանոթներից է այդ մասին լսել, ինչին տուժեղը պատասխանել է, որ կոնկրետ հրապարակումներ ու մարդանց չի մտապահել:

Փաստաբան Պողոսյանը հարցրել է՝ արդյոք Վահե Ավետյանին դուրս կկանչեի՞ն, եթե  իրավիճակը ներսում այլ կերպ լիներ, եթե, օրինակ, նա չհարցներ գլխարկը հանելու մասին: Բայադյանը պատասխանել է, որ իրենց հանդեպ ցայտուն ագրեսիվ վերաբերմունք կար, և, թվում է, ջուր ուզելու դեպքում էլ Վահեին դուրս կկանչեին: Ըստ նրա` ամեն ինչ ծրագրված է եղել և տարվել է ծեծկռտուքի:

Պողոսյանը նաև պնդել է, որ վկան իր նախորդ ցուցմունքում ասել է, թե մատուցող Դավիթն է Վահե Ավետյանին զգուշացրել տաբատի մասին, սակայն Բայադյանն ասել է, որ նման բան երբեք չի ասել, քանի որ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում:

Տուժողների ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հայտարարություն է արել այն մասին, որ ամբաստանյալների փաստաբանները միմյանց գրառումներ են փոխանցում, և խնդրել է դատավորին նման պահվածքը կանխել: Դիտարկումը մեկնաբանելով՝  ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի փաստաբան Մարինե Թովմասյանն ասել է. «Տուժողի ներկայացուցիչերի ի՞նչ գործն ա, թե մենք ինչ ենք անում»: Դատավորը կողմերին կոչ է արել հանգստանալ և շարունակել հարցաքննությունը: