Home / Հայաստան / Գյումրեցիները չպետք է մասնակցեն մեկ դերասանի թատրոնին. Կոնգրեսի թեկնածուն՝ քարոզարշավի մասին

Գյումրեցիները չպետք է մասնակցեն մեկ դերասանի թատրոնին. Կոնգրեսի թեկնածուն՝ քարոզարշավի մասին

Նոյեմբերի 4-ից թիվ 1 և թիվ 35 ընտրատարծքներում մեկնարկել է ԱԺ պատգամավորների թեկնածուների քարոզարշավը: Գյումրիի մի մասը և հարակից մի քանի բնակավայրերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուները երկուսն են՝ գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, և Մուրադ Գրիգորյանը՝ Հայ Ազգային Կոնգրեսից:

ՀԱԿ-ի թեկնածուն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ թիվ 35 ընտրատարածքում յուրահատկությունները միշտ շատ են եղել: Նրա խոսքով՝ այդ տարածքում ընտրությունների ժամանակ իշխանական ռեժիմի կողմից մշտապես թեկնածու է պարտադրվում:

Գրիգորյանը նշել է, որ 35-ում իշխանությունները մշտապես դաշտը մաքրում են՝ այն ազատելով կիրթ, հեղինակավոր թեկնածուներին: ՀԱԿ անդամն ընդգծել է, որ այս դեպքում էլ իշխանությունները բիրտ մեթոդներով դաշտը մաքրեցին իրենց թեկնածուի համար՝ ակնկալելով, որ նա կմնա մենակ ու կլինի պարզապես միջոցառում, ինչպես մայիսյան ընտրություններին էր (միակ առաջադրված թեկնածուն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էր, ով ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի աջակցությամբ սեպտեմբերին ընտրվեց Գյումրիի քաղաքապետ – խմբ):

«Մեր մասնակցությունը նաև պայմանավորված է նրանով, որ ընտրողներին, գյումրեցիներին իրական ընտրության հնարավորություն տրվի, որ պարտադրված չլինեն մեկ դերասանի թատրոնի հանդիսատեսը կամ մասնակիցը լինելու», – ասել է Մուրադ Գրիգորյանը:

Պատգամավորի թեկնածուն տեղեկացրել է, որ ինքն ամեն օր հանդիպումներ է  ունենում ընտրողների հետ, իսկ իր շտաբի անդամները հարցումներ են անցկացնում քաղաքում: Դրանք ցույց են տալիս, որ գյումրեցիների գերակշիռ մասը գտնում է, որ  վերևներից հրահանգավորված թեկնածուի ընտրությանը մասնակցելը մերժելի է:

Գրիգորյանը նաև նշել է, որ իրենք հետևողական են լինելու, խախտումների մասին տեղեկանալուն պես դրանց մասին բարձրաձայնելու են, դիմելու են իրավապահ մարմիններին:

Թեկնածուն նաև անդրադարձել է հնարավոր ընտրակաշառնքերի թեմային:

«Մենք զգուշացրել ենք նաև այն «ակտիվսիտներին», որոնց մեծ մասին  արդեն գիտենք նախորդ ընտրություններից, որ չգայթակղվեն և չփորձեն հանցագործության մեջ ներքաշվել: Մենք հետամուտ ենք լինելու և այդ հարցով մտնելու ենք իրավական դաշտ առանց վարանելու: Չակերտավոր ակտիվիստներ կան, որոնք իրենց սև գործը սկսում են ցուցակագրումներով: Մենք այդ հարցով զգուշացնում ենք և՛ համայնքապետերին, և՛ դպրոցների տնօրեններին: Նախազգուշացրել ենք, որ իրենք պատասխան են տալու, հիշեցրել ենք իշխանության վերջին ժամանակների ձեռագիրը, որ կոռուպցիայի դեմ իմիտացիոն պայքարի շրջանակներում անգամ իրենց ամենանվիրյալներին են պատժում, քավության նոխազ դարձնում՝ սեփական կաշին փրկելու համար», – ասել է Մուրադ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հանրապետականները պետք է «հիշեն և ականջներին օղ անեն», որ Վազգեն Խաչիկյանից (Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, մեղադրվում է խոշոր չափերի յուրացման մեջ –խմբ.) առավել նվիրված չեն եղել ՀՀԿ-ին, բոլոր իրավապահները պետք է ականջներին օղ անեն, որ Թամամյանից ու Մարգար Օհանյանից  առավել նվիրված չեն եղել այս ռեժիմին:

«Օղ անեն, որ Գյումրիում չինովնիկներ կային, (նկատի ունի Գյումիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ում իշխանությունները թույլ չտվեցին առաջադրվել – խմբ.), որոնք այդ կուսակցության համար ամեն ինչ արել են: Վերջին ամիսների իրադարձությունները մարդկանց դաս պետք է լինեն: Այդ երախտամոռ իշխանական բուրգի գագաթին կանգնածների երեխտամոռ պահվածքից իրենք ապահովագրված չեն, իսկ մենք, մեր հերթին, հետամուտ ենք լինելու, և համարձակ ձևով՝ ունենալով փաստեր,  մինչև վերջ պայքարելու ենք դրա դեմ», – ասել է Մուրադ Գրիգորյանը:

Նա նշել է, որ իր շտաբն այս պահին տեղեկատվություն ունի, որ իշխանությունները ինտենսիվ կերպով՝ համայնքապետերով, դպրոցների տնօրեններով, փորձում են ապահովել քվեներ, ստանալ երաշխիքներ:

Գրիգորյանի խոսքով՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, հատկապես գյուղերում, միաբերան նշում են, որ ընտրողների կողմից չճանաչված թեկնածուին, կենսագրություն չունեցող թեկնածուին չեն քվեարկելու այդ պատժիչ, ճնշիչ մեթոդներով կամ համայնքապետի ու դպրոցի տնօրենի ցուցումով:

Մուրադ Գրիգորյանն իր մրցակցին առաջարկել է նաև մասնակցել հեռուստաբանավեճի՝ ուղիղ եթերում, սակայն Արման Սահակյանից դեռևս պատասխան չի ստացել: