Home / Հայաստան / Սարգսյանը՝ Օբամային. «Հայ-ամերիկյան հարաբերություններում նոր հաջողություններ կգրանցվեն»

Սարգսյանը՝ Օբամային. «Հայ-ամերիկյան հարաբերություններում նոր հաջողություններ կգրանցվեն»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանի ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:

Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակել ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների:

Մեկ անգամ ևս ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները»: