Home / Հայաստան / Ով է վճարելու հավաքարարների պարտքերը. կանայք հասել են նախագահական (ՖՈՏՈ)

Ով է վճարելու հավաքարարների պարտքերը. կանայք հասել են նախագահական (ՖՈՏՈ)

Նախագահական նստավայրի մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Արաբկիր վարչական շրջանում աղբահանություն իրականացնող նախկին «Էկոար» ընկերության աշխատակիցները՝ պահանջով վճարել իրենց երկու ամիսների աշխատավարձերը:

«Բոլորս էլ հավաքարար ենք ու եկել ենք Չարենցավանից: Գիշերվա 12-ին գազելը մեզ տեղափոխում է Երևան, մինչև առավոտյան ժամը 7-ը, 8-ը, 9-ը ստեղ ենք լինում: Հեսա տերևաթափն էլ սկսվեց, ավելի երկար ենք մնալու: Առանց շաբաթ կիրակի, առանց հանգստի օրերի փողոցներն ենք մաքրում, չնայած ձյանն ու անձրևին: Հազվադեպ է պատահում, որ խնդրել-աղաչելով թույտվություն ենք ստանում, այն էլ՝ երբ հարազատ է մահանում կամ հարսանիքի ենք հրավիրված: Ամբողջ օրը՝ մահն աչքներիս առաջ, մեքենաների վազքի ու ընթացքի մեջ փողոցներն ենք մաքրում»,- Epress.am-ին պատմել է բողոքող կանանցից մեկը, ով չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք գրեթե բոլորն էլ ունեն բարձրագույն կրթություն, սակայն կարիքը ստիպել է գնալ այդ աշխատանքին, ինչի դիմաց  ամսական ստանում են ընդամենը 70-80 հազար դրամ:

«Այս պարտքերը կուտակվել են նախկին տնօրեն Արա Դանիելյանից, իսկ նոր տնօրեն Խաչատուր Կարապետյանը, ումից մենք անչափ գոհ ենք, ասում է, որ պարտքերը տալ չի կարող. երբ որ սեփականատերը հին պարտքերը կփոխանցի, այն ժամանակ էլ կվճարի աշխատավարձերը: Սեփականատերն էլ Պրիբալտիկայից է», – նշել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ խորհրդային տարիներին 17 տարի հաշվապահ աշխատելուց հետո միանգամից անցել է հավաքարարությանը:

«Ի՞նչ անենք՝ հացի խնդիր է, 35-ից 60 տարեկան կանայք ենք՝ կարիքի ու թշվառության մեջ, լավ, չե՞նք հասկանում, մի՞թե այս պետությունը  100 աշխատողի աշխատավարձ վճարել ի վիճակի չէ», – հարցրել է կանանցից մեկը:

Նրա խոսքով՝ իրենք նախկինում դիմել են ՄԻ պաշտպանին ու նախագահի աշխատակազմին ու ստացել հետևյալ պատասխանը՝«սեփականատերը կատարել է փոխանցումը, ոչ մի պարք ու պահանջ «Էկոար»-ին չկա»:

«Ո՞վ ա կերել, ո՞վ ա մարսել՝ չգիտենք: Նոր տնօրենը հին պարտքերը տալով եկել ա, մնացել են հուլիս-օգոստոսը, դե  մեր հիմնարկն էլ ժամանակին «Էկոար» էր, հիմա լուծարվեց, մի մասը միացավ «Արաբկիր-կամար» ՓԲԸ-ին, մյուս մասը՝ «Դավթաշենի բնակֆոնդ ու կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին: Հիմա նոր տնօրենը, ումից անչափ գոհ ենք, փակում է «Էկոար»-ից մնացած պարտքերը, բայց այդ երկու ասմվանը տալ չի կարողանում: Մենք մեր դառը քրտինքով աշխատած գումարներն ենք ուզում, մեզ չի հետաքրքրում՝ ով է մեղավոր», – ասել է 60 տարեկան  մի կին:

Ակցիայի ամենաերիտասարդ մասնակիցներներն էլ պատմել են, որ հավաքարարություն են եկել Երևան, քանի որ Չարենցավանում աշխատանք գտնելու հնարավորություն չունեն:

«Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա, թոշակառու սկեսուր ու սկեսրայր, ամուսինս լքել է մեզ ու ամբողջ տան հոգսն այսօր իմ ուսերին է: Գիշերային գործի եմ անցել՝ մաքրում եմ փողոցները, ինչի դիմաց մեր պետությունը վճարել չի ցանկանում:  Գամ փողոցները մաքրեմ, որ երեխեքս սոված փորով քնե՞ն», – ասել է 34-ամյա Հերիքնազ Մարտիրոսյանը:

35-ամյա Լիլիթ Ներսիսյանն էլ նշել է, որ Մարտակերտում ծառայող 20-ամյա որդուն երկու ամիս չի ասել, թե ինքը որտեղ է աշխատում, իսկ տանն իր խնամքին հաշմանդամ ամուսին ու անչափահաս աղջիկ ունի:

«Չեմ ասել, որ երեխես չնեղվի, աշխատել եմ, որ ամեն գնացողի հետ գոնե երեխուս մի կոնֆետ, մի քաղցր բան ուղարկեմ, մոր սիրտ ա, բա ի՞նչ անեմ: Բա էսօր էրեխես գնա էս պետության համար սահման պահի, որ մարդիկ հանգիստ քնեն ու էսօր ինձ էս տեսակ արհամարե՞ն: Ես ոչ մեկի գրպանից փող չեմ ուզում՝ ապրելու ու գոյությունս պաշտպանելու համար, ես աշխատել եմ ու ուղղակի խնդրում եմ՝ վճարել թափածս քրտինքի համար»,- եզրափակել է Ներսիսյանը:

Epress.am-ը փորձել է պարզաբանումներ ստանալ ընկերությունից:

Այս տարվա օգոստոսի 24-ից ֆինանսական խնդիրների պատճառով գործունեությունը դադարեցրած «Էկոար» ընկերության տնօրեն Խաչատուր Կարապետյանը մեզ պատմել է, որ մոտ մեկ տարի առաջ, երբ ինքը նշանակվել է ընկերության տնօրենի պաշտոնում, հիմնարկի պարտքերն արդեն կուտակված են եղել:

«Ի դեպ՝ պարտքը եղել է ոչ թե 2, այլ՝ 3-4 ամսվա, ու իմ աշխատանքային ժամանակահատվածում հնարավորության սահմաններում փորձել ենք լուծումներ գտնել ու կրճատել պարտքի չափը, որն այս պահին կազմում է 33.143.806 դրամ: Այս ընթացքում չի եղել որևէ ամիս, որ աշխատողները աշխատավարձ չստանային, իսկ, բացի աշխատավարձի պարտքերից, հարկային պարտավորություններ են ունեցել, խնդիրներ, որոնք մեր ուժերով լուծել չէինք կարող, քանի որ մեր հասանելիք գումարը, որ ստանում էինք, գրեթե չէր բավականացնում՝ աշխատանքը ամսվա կտրվածքով նորմալ ձևով ավարտին հասցնելու համար»,- ասել է Կարապետյանը:

Նա նաև նշել է, որ ներդրել է իր անձնական գումարները, որպեսզի ընկերության աշխատանքները կանգ չառնեն:

«Մեր հիմնարկը մոտ 15.000 դոլարի չափ այսօր ինձ է պարտք ու այդքանից հետո չի եղել, որ թեկուզ մի կոպեկ չվճարեմ աշխատողների արածի համար: Այսօրվա դրությամբ, երբ որ ընկերության աշխատանքները դադարեցվեցին, ոչ մի տեղից չեմ կարողանում ֆինանսավորում գտնել, որպեսզի վճարեմ իրենց աշխատավարձերը: Ես ամեն ինչ ներկայացրել եմ սեփականատերերին ու նրանք էլ, բնականաբար, հայ չեն, ասել են, որ կփորձեն լուծում տալ այդ հարցին», -եզրափակել  է տնօրենը: