Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը՝ Wall Street Journal-ին. «Պատրաստ ենք հնարավորինս շուտ լուծել հակամարտությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը՝ Wall Street Journal-ին. «Պատրաստ ենք հնարավորինս շուտ լուծել հակամարտությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության մեծացման թեմայի շուրջ ամերիկյան Wall Street Journal-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրավիճակից ելքը տեսնում է հարցի խաղաղ լուծման մեջ:

Լրագրողի հարցին, թե արդյոք իրավիճակը վատթարացել է Ռամիլ Սաֆարովի գործից հետո՝ Սարգսյանը պատասխանել է.

«Իրոք, իրավիճակը լարված է, բայց պետք է ասեմ, որ մենք միայն պատասխանել ենք ադրբեջանցիներին, որ ռազմական միջամտությունների գնալ չի կարելի: Ռազմական գործողությունների վերսկսումը կվնասի Լեռնային Ղարաբաղին, կվնասի Հայաստանին և մեծապես կվնասի Ադրբեջանին: Ավելի լավ է որոշման հասնել բանակցությունների միջոցով: Այս հարցը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ և առանձին իր պետության մեջ: ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկները ևս խարսխված են այդ գաղափարի վրա: Պետք է նախկին պատերազմի և հետևանքները, և դրա բուն պատճառները հաշվի առնենք: Միայն պատերազմի հետևանքների վերացման մասին խոսելը որևէ ապագա չունի: Մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ լուծել հակամարտությունը և մենք կոչ ենք անում Ադրբեջանին անել նույնը: Դա ամենառացիոնալ լուծումն է և ամենալավ ելքը կունենա»:

Հարցին, թե արդյոք կողմերի միջև անվստահությունը վկայում է այն մասին, որ պատերազմի վերսկսման վտանգ, այնուամենայնիվ, կա,Սարգսյանը պատասխանել է, որ, իր համոզմամբ, դրան է ձգտում Ադրբեջանը և սպասում է ռազմական գործողությունների վերսկսման համար հարմար առիթի:

«Բայց ինչքանով նրանք կարող են իրենց ծրագրերը իրականցնել՝ կախված է միջազգային հանրության  արձագանքից և մեր զինված ուժերի մարտունակության աստիճանից»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութը՝ այստեղ