Home / Հայաստան / Արդյո՞ք Արմավիրի քաղաքապետը քարայծի որս է արել

Արդյո՞ք Արմավիրի քաղաքապետը քարայծի որս է արել

Վերջին օրերին Մեղրիում համառորեն լուրեր են պտտվում, թե այնտեղ հոկտեմբերի վերջին ճոխ որս է կազմակերպել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, ով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամին է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ըստ տարածված լուրերի, վերջինս հոկտեմբերի վերջին մի խումբ զինվորականների հետ, որոնց թվում է եղել նաև ռուս գեներալ, Մեղրիում քարայծի որս են արել։ Անկախ այն բանից, թե լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը, նշենք, որ Ռուբեն Խլղաթյանը որսի սիրահար է և հաճախ է շքախմբով մեկնում այդ կողմերը՝ լիցքաթափվելու: Սակայն վերոնշյալ դեպքն այնքանով է ուշագրավ, որ նրա որսորդական սիրո զոհն են դարձել քարայծերը, որոնք գրանցված են Կարմիր գրքում՝ որպես անհետացող տեսակ, և նրանց որսն օրենքով արգելվում է», – գրում է թերթը։

«Հրապարակի» թղթակիցը փորձել է տեղեկության իսկությունը ճշտել Ռուբեն Խլղաթյանից, ով լսելով, որ իր զրուցակիցը լրագրող է, ասել է.

««Հրապարակ» թերթի հետ օրը գիշերով զրույցի կարիք չունեմ ես՝ կամ վաղը, կամ երկուշաբթի, ես հիմա իմ օջախում եմ»:

«Մեր հարցին, թե օրերս եղե՞լ է Մեղրիում, կտրուկ «ոչ» պատասխանեց, երբ նշեցինք՝ որսի նպատակով, Խլղաթյանն անջատեց հեռախոսը։ Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն էլ, ով նոյեմբերի 13-ին լիազորությունները պատրաստվում է հանձնել նորընտիր Արշավիր Հովհաննիսյանին, ասել է, որ ինքը հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ը Երևանում է եղել և նման տեղեկություն չունի:

Ոստիկանությունից էլ հայտնեցին, թե Մեղրիում որս այս տարի գրանցվել է ամռանը, այն էլ՝ վայրի խոզի։ Սա զավեշտալի պատասխան է, իհարկե, քանի որ այս կողմերում որս մշտապես է կատարվում, բայց դե, ոստիկանությունը միայն շարքային քաղաքացիների որսագողությունն է գրանցում։ Հուսով ենք, որ Ռուբեն Խլղաթյանը թեմայի մասին լիարժեք զրույցի կարիք, ինչպես վստահեցրեց ինքը, կունենա երկուշաբթի», – գրում է թերթը: