Home / Հայաստան / Դատավորը «խիստ նեղացել է» զոհված զինվորի մոր պահվածքից. նիստը հետաձգվել է

Դատավորը «խիստ նեղացել է» զոհված զինվորի մոր պահվածքից. նիստը հետաձգվել է

2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի գործով Գորիսում կայացած երեկվա դատական նիստի ժամանակ դատավոր Համլետ Դավթյանը սրտնեղել է, որ իր ներս մտնելու ժամանակ տուժողի իրավահաջորդ Լենա Սարուխանյանը ոտքի չի կանգնել:

Լենա Սարուխանյանը դրանով իր բողոքն է հայտնել դատավորին, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը որոշում է կայացրել հրապարակել գործով անցնող վկաների նախաքննական ցուցմունքները՝ նշելով, թե նրանց չեն կարողացել գտնել դատարան հրավիրելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:

Նախորդ նիստից հետո Լենա Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այս տարվա օգոստոսի 30-ին վկաներից Սևակ Ավանեսյանը դատարանում հերքել էր իր նախաքննական ցուցմունքը և նոր ցուցմունք տվել, համաձայն որի իրենց զորամասի 24 զինծառայողների խոշտանգել են, ծեծել են ու ճնշում են գործադրել իրեն անհայտ 8-ից 10 անձինք, ինչպես նաև զինծառայողներին 7 օր կալանավորված են պահել հակասանիտարական պայմաններում: Զոհված զինծառայողի մոր խոսքով՝ վախենալով, որ մյուս վկաները ևս կհաստատեն, որ իրենց ծեծել են, դատավորը որոշել է հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները:

Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ նախորդ նիստից հետո իրենք համապատասխան հարցումներ էին արել Ազգային անվտանգության սահմանային զորքերին՝ ցանկանալով տեղեկանալ, թե արդյոք գործով հինգ վկաները Հայաստանում են: Տուժող կողմին պատասխանել են, որ պատրաստ են պատասխանել միայն դատարանին:

«Այս անգամ մենք միջնորդեցինք դատարանին, որպեսզի իրենք հարցում կատարեն: Մենք նշեցինք, որ  միաժամանակ վկաների կեսի մասին պատասխան էր տվել փոստատարը՝ նշելով, որ նրանք Հայաստանում չեն, ինչի իրավասությունը չուներ: Այդ փաստաթուղթն էլ տվեցինք, որից հետո դատավորը, բացահայտ արհարմարհելով պաշտպանական կողմի փաստաբանների կոչը, հայտարարեց, որ նիստը հետաձգում է՝ դրանով իսկ ցույց տվեց, որ մեզ պատժում է», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ քանի որ դատավորը չի հիմնավորել, թե ինչու է  դատը հետաձգում և «խիստ նեղացած է» եղել, Մարտիրոսյան էլ դատավորին ասել է, որ նրան ընդունում են այնպես, ինչպես նա իրենց:

«Դուք արժանի եք միայն նման վերաբերմունքի, որովհետև ոչ թե արդարադատություն ենք իրականացնում, այլ փորձում եք կոծկել նախաքննական մարմնի հանցագործությունները, ինչն ակնհայտ է»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ միջնորդելու է, որպեսզի քրեական գործ հարուցվի դատավոր Համլետ Դավթյանի դեմ:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 23-ին: