Home / Հայաստան / Խայտառակ դատավարություններ և նախընտրական շոու. ակցիա նախագահականի մոտ (ՖՈՏՈ)

Խայտառակ դատավարություններ և նախընտրական շոու. ակցիա նախագահականի մոտ (ՖՈՏՈ)

«Հայրենի՛ք, պաշտպանիր պաշտպանիդ ամեն ընտանիքի». այս կարգախոսով այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամները, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, զինվորների սպանության մեջ մեղադրվողների ծնողներն ու ազգականները, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներ ու­­­ մի շարք քաղաքացիներ:

Ակցիայի մասնակիցները Բաղրամյան 26 էին եկել պահանջով՝  2010 թվականի հուլիսի վերջին Տավուշի Չինարի գյուղի դիմաց տեղակայված «Մեհրաբ» զորամասի հենակետերից մեկում՝ ծառայության ժամանակ սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով արդար դատավարություն իրականացնել:

«Մենք այստեղ ենք եկել ոչ միայն Արտակ Նազարյանի, այլև բոլոր սպանված զինվորների համար: Ես կոչ եմ անում բոլորին բարձրաձայնել, որ նախագահը հանցագործ է, ստախոս ու խաբեբա: Մեր նախագահի ձեռքերն արյան մեջ են, ու եթե ինքն ուզում է ապացուցել, որ ինքը մաքուր է, թող բոլոր սպանությունները բացահայտեն ու պատժեն մեղավորներին: Քննիչների բոլորի համար գործերը բացահայտված են, ու եթե բանակի գերագույն գլխավոր հրամանատարին չեն տեղեկացրել, ուրեմն թող ինքը պահանջի արդար քննություն: Թող մեղավորներին կախեն հենց հրապարակի մեջտեղում, որ իրենց ծնողներն էլ հասկանան մեր մրմուռը» – ասել է նախագահական նստավայրի դարպասների մոտ ակցիա անցկացնող Նանա Մուրադյանը՝ բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը:

«Մենք պայքարում ենք զինվորների կյանքի համար, այնինչ օրը երկու սպանված զինվոր են բերում, սա ի՞նչ բան է, ինչքա՞ն: Շոթայի (դատաբժիշկ Շոթա Վարդանյան – խմբ.) սեղանին եթե օրը 8 դիակ չլինի, կմեռնի էդ օրը», – բողոքել է Իրինա Ղազարյանը (բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը – խմբ.) ՝ նշելով, որ դիահերձման ժամանակ Վարդանյանը հանել ու վաճառել է  իր տղայի երիկամը»:

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ խայտառակ դատավարությունները կազմակերպված են ՀՀ նախագահի ու Գլխավոր դատախազի գիտությամբ:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արտակի գործը լրիվ այլ ընթացք ստանա: Նախագահը հավաքում է դատախազներին, շոու է տալիս՝ իբրև թե արդար դատավարություն է աահանջում նրանցից,այսինքն՝ ո՞նց հասկանանք, նախագահի խոսքից հետո դատավորի ձեռքերը ավելի բացվեցին: Նշանակում է՝ նախագահը հրապարակային մի բան է ասում, հետո ասում է՝«գնացեք, ձեր սև գործը մինչև վերջ արեք»: Ի՞նչ պատահեց, որ նախագահի շոուից հետո դատավոր Մարդանյանը չափերից լրիվ դորս եկավ, սկսեց ավելի վատ իրեն պահել», – ասել է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյնը:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանն էլ պնդել է, որ Արտակի սպանության  իսկական մեղավորները դատարանում չեն:

«Սա իսկապես համակարգային խնդիր է, դրա համար ենք մենք նստավայրի մոտ: Ստեղծել են այնպիսի համակարգ, որ արդարադատությունը ծաղր է դարձել ՀՀ քաղաքացիների համար: Նախագահական նստավայրն անմիջական կապ ունի  դատավարությունների ընթացքի հետ: Ես կարծում եմ, որ նախագահը ոչ միայն այսօր այստեղ չէ, այլև նա ընդհանրապես իր տեղում չէ: Մենք շարունակելու ենք նմանատիպ ակցիաներն ու հետամուտ ենք լինելու, որպեսզի խայտառակ, ախտահարված դատական համակարգի բուժումը վիրահատական լինի, բայց ոչ ծիծաղելի, դեկլարատիվ դրույթներով՝ ինչպես նախընտրական շոուի շրջանակներում  ներկայացնում են վարչապետն ու մյուսները»,- եզրափակել է Նազարյանը:

Նշենք, որ այս օրերին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում: