Home / Հայաստան / Սիբիրյան խոցի համաճարակային իրավիճակը վերահսկելի է, վստահեցնում է նախարարությունը

Սիբիրյան խոցի համաճարակային իրավիճակը վերահսկելի է, վստահեցնում է նախարարությունը

Սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգը ստացվել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից ՀՀ ԱՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երևան բերված մսեղիքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Այս մասին հաղորդում է Առողջապահությոն նախարարությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է իրավիճակի վերլուծություն, որի արդյունքում անհապաղ ձեռնարկվել են կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, բակային համայցեր, բնակչության իրազեկման բարձրացման նպատակով մշակվել են հուշաթերթեր, կազմակերպվել առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել է։ Կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ, հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել է թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ և հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։ Անկախ լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, հայտնաբերված 51 հիվանդն ստացել է անհրաժեշտ բուժում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվել նաև ՀՀ Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Ներկայումս Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում երեք հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:

Ի դեպ, Արագածոտնի մարզի Ուշի համայնքում արձանագրված սիբիրյան խոց հիվանդության կասկածելի դեպքի լաբորատոր կրկնակի հետազոտության արդյունքում սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ Սիբիրյան խոցի համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից խոսափելու նպատակով շարունակում է իրականացնել վերը նշված բոլոր համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: