Home / Հայաստան / Քաղաքացին պնդում է, որ իրեն $70 000 են պարտք. նրա դեմ գործ են հարուցել

Քաղաքացին պնդում է, որ իրեն $70 000 են պարտք. նրա դեմ գործ են հարուցել

ՀՀ քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վաշխառություն): Նա կտրականապես հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ այն առաջադրվել է անմիջապես նրանից հետո, երբ ինքը նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին Մարտիրոսյանը պատմել է Epress.am-ի հետ զրույցում:

Ըստ Մարտիրոսյանի՝ 2009 թվականին իրեն ծանոթացրել են Վարդան Մուրադյանի հետ, որը  ներկայացել է որպես ՀՀ գլխավոր դատախազության թմրանյութերի բաժնի պետ: Մուրադյանը Մարտիրոսյանի հետ բիզնես գործարքի մեջ է մտել, որի արդյունքում վերջինիս ներդրած գումարի մի մասը, որը կազմում է 70 000 դոլար, չի վերադարձրել:

Մարտիրոսյանը 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում որոշել է անշարժ գույք ձեռք բերել, որպեսզի, իր խոսքով, փողերը չփոշիանան:

Այդ ժամանակ Վարդան Մուրադյանը, ունենալով որոշակի դժվարություններ սեփական բիզնեսում, Մարտիրոսյանին առաջարկել է իրեն տրամադրել 60 000 դոլար, որից նա ամսական կունենա 2500 դոլար շահույթ և մասնաբաժին ընդհանուր բիզնեսում:

Մարտիրոսյանի խոսքով՝ անցել են ամիսներ, սակայն ինքն այդպես էլ փայատեր չի դարձել, չնայած Վարդան Մուրադյանի հետ տարբեր գրավադրման գործարքներ է  կատարել: Արդյունքում՝ Մուրադյանն իրեն պարտք է մնացել 70 000 հազար դոլար:

«Արդյունքում ունեմ տված փող, վերցրած դրամներ, այսինքն՝ նրանց ոճն է դա, որ հետագայում կարողանան ինձ դարձնել վաշխառու: Ինչը ուզում են անել, բայց վստահ եմ՝ չեն կարող, դատավորը չի կարող խիղճն այդքան կորցնել: Հիմա բոլոր տեղերն էլ նամականերն ուղարկել եմ: Ինձ ասացին, որ ոստիկանապետն այս գրություններն ուղարկել է վեցերորդ վարչություն, որպեսզի հարցով զբաղվեն: Իմ փաստաբանները ծանոթանում են գործի նյութերին, նոյեմբերի 14-ին կգնանք: Քննիչից էլ տասն օր ուզեցինք գործի նյութերին ծանոթանալու համար, չտվեց տասն օր: Հիմա վռազում են, ասում են՝ չորեքշաբթի եկեք, բա ի՞նչ էիք անում տասը ամիս, ինչի՞ էն ժամանակ չէիք վռազում», – ասել է Տիգրան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ իրեն մեղադրանք է առաջադրվել 4 անձանց մերկապարանոց, շինծու, առանց որևէ ապացույցների ցուցմունքների հիման վրա:

«Ինձ մոտ կան բոլոր փաստաթղթերը՝ իրենց ստորագրություններով: Իմ ամեն ինչը օրինական նոտարով, կադաստրով հաստատված է, դա արհամարհած ունի քննչական, նախաքննական մարմինը: Չգիտես ինչի, Ոստիկանության Քրեական գործերի վարչության Հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում է քննվում քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանի գործը, ինչի՞ տարածքային սովորական քննչականում չի, այլ այնտեղ է: Որպես ի՞նչ, ապշում ես:  Իսկ ինչո՞ւ էր ՀՔԾ-ում մաս առանձնացվել, որովհետև ես գրել էի դատախազության աշխատակցի վրա: Այժմ մարդիկ փոխանակ իրենց պաշտոնյանին պատժեն, կարգի բերեն, դրա փոխարեն առաջին նամակից հետո նախագահին գրված, հարձակվեցին ինձ վրա: Ինչ հիմքերով որ գործ սարքեցին, ուղարկեցին ոստիկանության քննչական մարմին՝ դա փլվեց, այժմ մեղադրանքում չկա: Մնացել են Վարդան Մուրադյանի երեք ընկերների ցուցմունքները: Դրանցից մեկը  ինչ-որ Փարվիզ անունով մի պարսիկ է, որին բոլորը ճանաչում են որպես խարդախ, ում տանիքը հենց Մուրադյան Վարդանն է»,- պատմել է Տիրգրան Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ իր փաստաբանը ծանոթացել է գործի նյութերին՝ ապշել է, քանի որ ցուցմունքից և առերեսումից բացի ոչինչ չկա:

«Ի՞նչ ա, 37 թիվն ա՞, ո՞նց կարելի է նման մեղադրանքներով մարդուն ուղարկել դատարան: Ես վստահ եմ, որ աշխարհը փուլ չի եկել, որ դատարանը չի կարող նման խայտառակ  փաստերով ինչ-որ կեղծ դատավճիռ կայացնել: Օգոստոս-հուլիս ամիսներին, մասնավորապես, Վճռաբեկ դատարանը  նախադեպային վճիռ է  կայացրել, որը նշանակում է ուղեցույց հենց այս հոդվածի վերաբերյալ՝ վաշխառության, որտեղ պարզ ասվում է՝ շահագրգիռ անձանց մերկապարանոց, առանց փաստերի ցուցմունքները զրո են, և դա չի կարող ապացույց դիտվել: Ինչո՞ւ մարդը դիմեց քաղաքացիական դատարան՝ նոր դուք գնացիք, բողոքեցիք ոստիկանություն, մասնավորապես՝ քննչական: Ինչո՞ւ դուք նախօրոք չէիք դիմել դատարան», – ասել է Տիգրան Մարտիրոսյանը: