Home / Հայաստան / ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միացել են ՀԱԿ-ի նախաձեռնությանը, «Ժառանգությունը» քննարկում է

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միացել են ՀԱԿ-ի նախաձեռնությանը, «Ժառանգությունը» քննարկում է

Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ստորագրահավաքին արդեն միացել են ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: «Ժառանգությունն» առայժմ քննարկում է միանալու հարցը. Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը՝ «Ազատ դեմոկրատներից», միացել են նախաձեռնությանը:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» խմբակցությանը, ապա Զուրաբյանը բացառել է վերջիններիս հետ շփումը:

Այս պահին 44 անհրաժեշտ ստորագրություններից արդեն առկա է 41-ը: Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև վաղը՝ 11.15-ը:

Զուրաբյանը վստահություն է հատնել, որ արտահերթ նիստ գումարելու համար իրենք ստորագրությունների անհրաժեշտ քանակ կունենան, սակայն ՀՀԿ-ն կանի ամեն հնարավորը՝ քվորում չապահովելու համար, մինչդեռ, պատգամավորի խոսքով, սա գործող ռեժիմի համար հնարավորություն է ապացուցելու ամբողջ աշխարհին, որ իրենք չեն վախենում մաքուր ընտրություններից:

Լևոն Զուրաբյանը նաև քաղաքացիներին կոչ է արել նիստի օրը հավաքվել ԱԺ-ի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու նախաձեռնությանը: