Home / Հայաստան / ՀԱԿ-ն ունակ է ունենալ նախագահի իր թեկնածուն, կարծում է պատգամավորը

ՀԱԿ-ն ունակ է ունենալ նախագահի իր թեկնածուն, կարծում է պատգամավորը

ՀԱԿ-ի խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ԲՀԿ բանակցությունների մասին կարծիք ունի, բայց հրաժարվում է հրապարակել:

«Կարելի՞ է հիմա չասեմ իմ կարծիքը: Համբերեք 1-2 շաբաթ էլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բագրատյանը:

Հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասնական թեկնածու ունենան հարցին Բագրատյանը պատասխանել է. «Կարծիքս միանշանակ է, որ ՀԱԿ-ն ունի պոտենցիալ իր թեկնածուն առաջադրելու: Ես ուրիշ բան չեմ ուզում ասել, էս պահին ինչ էլ ասեմ` գեղեցիկ չի լինի, չեմ ուզում վնասել բանակցություններին, որոնց մեջ հազար ասպեկտ կա, կա ասպետ, որ լավ է: Խորհրդակցությունները թող վերջանան, որ խոսենք: Բանակցում են, թող բանակցեն: Միայն ԲՀԿ-ն չէ, կան բանակցություններ բոլորի հետ»:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների շեմին այլ կուսակցությունների հետ բանակցելու հարց է բարձրացրել ԲՀԿ-ն` առաջարկելով անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Անդրադառնալով ԲՀԿ-ի առաջարկին ` Բագրատյանն ասել է, որ Հայաստանում նման փոփոխություն կատարելն անտեղի է:

Լրագրողների խնդրանքին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս արած հայտարարությունը, Բագրատյանն ասել է. «Եթե ես հիմա մեկնաբանեմ Քոչարյանի խոսքերը, կասեն՝ սիլիբիլի եմ անում: Ես քաղաքական ինտրիգներում չկամ: Մենք շուտվանից ենք ասել, որ պետք է անցնել 100% համամասնական համակարգի»: