Home / Հայաստան / Ֆրանսիայում հանրային կարծիքը դեմ է Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախագծին

Ֆրանսիայում հանրային կարծիքը դեմ է Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախագծին

Եվրոպայի Հայ դատի ատենապետ Հիլդա Չոբոյանը մտահոգված է․ Ֆրանսիայում հանրային կարծիքը դեմ է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելուն։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տիկին Չոբոյանն ասել է՝ նման օրենք ընդունելու համար միայն Ֆրանսիայի նախագահի կարծիքը բավարար չէ․ հանրային կարծիքն է պետք փոխել, և այս հարցում հայ համայնքը հսկայական աշխատանք պետք է կատարի։

«Երբ այդ օրինագիծը օրակարգ բերվեց, մենք մեծ խնդիր ունեցանք հանրային կարծիքի հետ։ Մտավորականներ, մամուլ․․․ բոլորը հայ համայնքի դեմ լարվեցին։ Ամբողջ մի շարժում գոյություն ունի Ֆրանսիայի մեջ, ըստ որի պատմական իրողությունները պատմաբանների խնդիրն է և պատմական իրողությունների վրա օրենք պետք չէ ընդունել, – մանրամասնել է Չոբոյանը, – այդ աշխատանքը շատ կարևոր աշխատանք է։ Եթե նախագահը  հարմար առիթ տեսնի և ընդունի այդ օրենքը սեղանի վրա բերել, պետք է հանրային կարծիքը պատրաստ լինի»։

«Ազատության» լրագրողի հարցին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի՞ նման օրինագիծ ընդունելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը, տիկին Չոբոյանը արձագանքել է․ «Հավանական է, որ կկատարի, բայց ի՞նչ ձևով, ի՞նչ բովանդակությամբ՝ հարցականի տակ է»։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատներում էլ, բայց Սահմանադրական խորհուրդ այն հակասահմանադրական է ճանաչել և օրինագիծն այդպես էլ օրենքի ուժ չի ստացել։