Home / Հայաստան / Իլհամ Ալիևը, Հայաստանից բացի, այլ թշնամի ունի

Իլհամ Ալիևը, Հայաստանից բացի, այլ թշնամի ունի

Ադրբեջանական պետության հիմնական թշնամիները հայկական լոբբին ու իսլամաֆոբական համակարգերն են: Այս մասին Ադրբեջանում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Մեր հիմնական թշնամին հայկական լոբբին է: Հայաստանը որպես երկիր ոչ մի նշանակություն չունի: Փաստորեն, դա գաղութ է, ֆորպոստ, որը ղեկավարվում է արտասահմանից, մի տարածք, որն արհեստականորեն ստեղծվել է հինավուրց ադրբեջանական հողերի վրա», – համոզված է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝ թշնամանքի հիմնական աղբյուրն է «հայկական լոբբիի ատելությունը Ադրբեջանի նկատմամբ»:

Ադրբեջանի համար երկու թշնամին, ըստ Ալիևի, իսլամաֆոբիայով վարակված համակարգերն ու շրջանակներն են:

Ադրբեջանի նախագահը ցավով նշել է, որ դրանց թիվն աճում է:

«Ադրբեջանը երիտասարդ, դինամիկ զարգացող պետություն է, որը ոչ մեկից կախում չունի, անկախ քաղաքականություն իրականացնող մահմեդական երկիր է: Այդ շրջանակների համար դա խնդիր է, դա չի տեղավորվում իրենց կարծրատիպերի մեջ: Իսկ այդ կարծրատիպերի համաձայն, նրանք ցանկանում են աշխարհում մահմեդականներին ներկայացնել որպես հետամնաց ժողովուրդ», – ասել է Իլհամ Ալիևը: