Home / Հայաստան / «Բոմժ ենք դառել». Շինարարական ընկերությունը 20 միլիոն պարտք է բանվորներին

«Բոմժ ենք դառել». Շինարարական ընկերությունը 20 միլիոն պարտք է բանվորներին

«Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը Արամի 72-80 հասցեներում կառուցվող շենքի շինաարարներին մոտ 20 միլիոն դրամ է պարտք։ 2005 թվականի  օգոստոսի 20-ից մինչև 2012 թվականի փետրվար ամիսը շենքի շինարարությունն իրականացնող հարյուրավոր շինարարներ չգիտեն՝ ումից  պետք է ստանան իրենց գումարները: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է շինարարներից Դերենիկ Ալեքսանյանը:

«Պապոյանը մոտ 20 միլիոն դրամի աշխատավարձ է պարտք շինարարներին: Սկզբում կամաց-կամաց ավանսով վարձատրում էր, այսինքն՝ ամիս-ամիս լրիվ աշխատավարձը չէր տալիս, պահում էր, ասում էր՝ էսօր-էգուց, էս ամիս, էն ամիս: Մենք չէինք հասկանում՝ կամ գումար պետք է գար, կամ երևի՝ հովանավոր: Ստացվեց էնպես, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից Պապոյանը գնաց բուժման, ու դրանից հետո փետրվարին շենքերի հսկողությունն իրականացնելու համար Ներքին գործերից պահակախումբ է եկել, ու շենքից դուրս ենք եկել: Պապոյանն ասում էր՝ մի շաբաթում սաղ հարցերը կլուծեմ, բայց մենք էդպես էլ գիտեինք, որ ամեն ինչ խառնվելու ա իրար: Հետո նոր տարուց հետո եկավ ու կորավ», – ասել է բողոքող շինարարը:

Նրա հավաստմամբ՝ ավելի ուշ իրենք տեղեկացել են, որ Պապոյանը կալանավորվել է:

«Չեմ իմանում՝ բանվորի քրտինքն ուտողը ի՞նչ ձևի մարդ կարա լինի, անխղճություն ա ուղղակի», – նշել է Ալեքսանյանը:

Նա ընդգծել է, որ իրենք բազմիցս դիմել են պատասխանատու անձանց, նրանք էլ,  իրենց հերթին, խորհուրդ են տվել գնալ ու բողոքել:

«Երեք ահռելի շենքեր են, ինչ-որ խուժան կոմպլեքս չենք սարքել: Ո՞ւմ բողոքենք: Ասում են գնացեք՝ ով աշխատացրել ա՝ իրանից ուզեք, պրարաբն էլ ասում ա՝ «ես էլ նույն ձեր նման աշխատող եմ, նույն ձեր վիճակում, ոչ բնակարան եմ վաճառում, ոչ էլ փայատեր եմ: Ես էլ ձեր պես ռոճիկով եմ ապրում»», – ասել է Ալեքսանյանը:

Շինարարի խոսքով՝ իրենք հայտնվել են անելանելի վիճակում՝ անգամ չեն կարողանում ուրիշ աշխատանքի անցնել:

«Ամեն ինչ խառնել են՝ մեր աշխատանքային գրքույկները չեն տալիս, ասում ենք՝ տվեք մեր տռուդավոյները, ընտանիք ենք պահում, ասում են՝ չկա, դատախազությունը կալանքի տակ ա վերցրել պահում: Նոր գործերը դատախազությունը կազմել ա, տանում են դատարան: Ֆինանսների նախարարությունն էլ ասում է, որ մենք մասնավոր ֆիրմայի համար ենք աշխատել, ու ֆինանսական խնդիրները պետք է «Գապբնակշին»-ի հետ լուծենք: Դարձել ենք բոմժ, ոչ տեր կա, ոչ տիրական», – պատմել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ «Գապբնակշինը» 2004 թվականից պայմանագրեր է կնքել Արամի, Եկմալյան, Բուզանդ և Սարյան փողոցների սեփական տներում բնակվող մարդկանց հետ` խոստանալով այդ վայրում շենքեր կառուցելուց հետո նրանց բնակարաններով ապահովել: Սակայն բնակարանները վաճառվել էին մի քանի անձանց միաժամանակ, դեպքի առիթով նախորդ տարվա վերջին քրեական գործ էր հարուցվել, իսկ «Գապբնակշինի» տնօրեն Գագիկ Պապոյանը ձերբակալվել է: