Home / Հայաստան / ՌՈ-ի ներկայացրած փաստաթղթերը նոր են գրվել, ոչ թե երկու տարի առաջ. դատ Արտակ Նազարյանի գործով

ՌՈ-ի ներկայացրած փաստաթղթերը նոր են գրվել, ոչ թե երկու տարի առաջ. դատ Արտակ Նազարյանի գործով

2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը միջնորդություն է ներկայացվել, որում հայտնել է, որ ունի հիմնավոր կասկածներ, թե Ռազմական ոստիկանությունից և զորամասից իրենց ուղարկված փաստաթղթերը կեղծ են: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Մենք ունենք լրջագույն փաստարկներ, որ զորամասից և ՌՈ-ից մեզ ուղարկված փաստաթղթղերը՝ կապված 14 զինծառայողների կալանքի հետ, գրվել են ոչ թե երկու տարի առաջ, այլ նոր: Մենք կասկածներ ունենք, որ դրանք կեղծ փաստաթղթեր են, և միջնորդել ենք, որպեսզի այդ փաստթղթերը ուղարկվեն դատաքիմիական փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք դրանք գրվել են երկու տարի առաջ, թե ներկայումս: Հաշվի առնենք, որ ՌՈ-ից բերված փաստարկներից մեկը ամբողջապես թաց թանաքոտված էր և մեր մատները թանաքոտվեցին դրանց հետ շփվելու ժամանակ»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ այդ միջնորդության պատասխանը կստանան վաղը:

Մարտիորսյանը նաև նշել է, որ դատավոր Սամվել Մարդանյանը խուսափում է դատաքննությունից և իրենց միջնորդությունը՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ և ցուցմունքները չեղյալ համարելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում:

Ռուբեն Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած բոլոր միջնորդություններին միացան բոլոր ամբաստանյալների փաստաբանները, իսկ փորձաքննություններին դեմ են եղել մեղադրողները:

Ըստ Մարտիրոսյանի՝ դատախազները  չեն ուզում, որպեսզի գործով ինչ-որ քայլեր ու փորձաքննություններ կատարվեն:

Ռուբեն Մարտիրոսյանը նաև ասել է, որ դատական նիստի ժամանակ տեղեկացել են, որ դատաբժիշկ Վիգեն Ադամյանը գրություն էր ուղարկել, որով հայտնում էր, որ ինքն արդեն ցուցմունք տվել է և այլևս դատարան չի ուզում գալ, բայց տուժող կողմը  միջնորդել է նրան հրավիրել, և դատավորը որոշում է կայացրել նոյեմբերի 27-ին Վիգեն Ադամյանին հրավիրել դատարան՝ ցուցմունք տալու: