Home / Տեսանյութեր / Պատգամավորի թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել. պատճառները երկուսն են

Պատգամավորի թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել. պատճառները երկուսն են

Ավանը և Նորք Նորքի մի հատվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել` դեկեմբերի 2-ին մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իր ինքնաբացարկի մասին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին», – գրել է Դովլաթյանը:

Նա իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են և պատրաստ էին աջակցել իրեն ընտրարշավի ընթացքում:

«Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին քվեարկել և պաշտպանել իմ թեկնածությունը դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին:

Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ և իմ կուսակցական ընկերների, ինչպես նաև համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը` 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:

Իմ կուսակցական ընկերների և աջակիցների հետ հարցը քննարկելուց հետո, այսօր որոշեցինք` մեր ունեցած հնարավորությունները և ռեսուրսները խնայել, առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություննրին ընդդիմադիր թեկնածուի օգտին ներդնելու նպատակով: Միաժամանակ որոշեցինք չխանգարել նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին` մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ նրա կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով», – գրել է Արմենակ Դովլաթյանը: