Home / Տեսանյութեր / Համայնքներում դժգոհ են սերմերի որակից. գյուղնախարարը ցածր բերքատվությունը պայմանավորում է եղանակով

Համայնքներում դժգոհ են սերմերի որակից. գյուղնախարարը ցածր բերքատվությունը պայմանավորում է եղանակով

Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձեւաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ կայքը, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրել է, որ կառավարության ներկայացրած նախագիծը թեև նախկինում արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը՝ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար, սակայն դրա վերաբերյալ առկա են մի շարք մտահոգություններ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ՝ պետք է ազատականացնել սերմերի շուկան, ինչն էլ արտացոլված է կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ: 2005 թ. ընդունված «Սերմերի մասին» օրենքն այս ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել, սակայն նաև չեն պահպանվել օրենքի որոշ դրույթներ, և հանրապետություն է ներմուծվել նաև չգրանցված սերմ՝ տարբեր ճանապարհներով: Բյուրոկրատական քաշքշուկից ազատվելու, նոր տեսակի սերմն առանց երկարատև փորձարկումների ենթարկելու համար գործադիրն առաջարկում է փորձարկումները կատարել կամավորության սկզբունքով:

Գործող օրենքի համաձայն՝ սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է անցած լինի տնտեսական օգտակարության փորձարկումներ և գրանցված լինի: ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, իր հերթին, լսումների մասնակիցներին փոխանցել է պետության կողմից տրվող սերմերի վերաբերյալ մի շարք համայնքներից ու մասնագետներից ստացված դժգոհությունը: Նրանց վկայությամբ՝ սերմերը չեն ապահովում անհրաժեշտ բերքատվություն:

Դժգոհություններ կան նաև տրված սերմի դիմաց, բերքը ստանալուց հետո, 1/2-ի հարաբերակցությամբ սերմ վերադարձնելու վերաբերյալ: Գյուղնախարարը հավաստիացրել է, որ կառավարությունը տրամադրում է միայն որակով սերմ, սա գյուղական տնտեսություններին օժանդակության պետական շարունակական ծրագիր է:

Նա նաև նշել է, որ 2010-2011 թթ. ծրագիրը փորձարկվել է, և արդյունքը գոհացուցիչ է եղել: Այս տարի որոշ բնակավայրերում բերքատվության ցածր մակարդակը նախարարը պայմանավորել է անբարենպաստ եղանակային պայմաններով:

Սերմերի շուկան ազատականացնելու վերաբերյալ կարծիքները տարբեր էին նաև լսումների ընթացքում: Մասնագետների մի մասը վտանգավոր է համարել շուկան անվերահսկելի թողնելու հեռանկարը և անհրաժեշտ նախապայման դիտարկեց սերմերի որակի պաշտպանությունը: Նրանց հիմնավորմամբ՝ հատկապես խիստ պետք է լինել ռազմավարական նշանակության կուլտուրաների՝ հացահատիկի, կարտոֆիլի և այլ սերմերի դեպքում: Տեսակետներ հնչեցին նաև դիվերսիֆիկացված մոտեցումներ ունենալու անհրաժեշտության մասին. արտոնություններ տալ ներկրվող փոքր քանակի սերմերի համար, սակայն մեծածավալ ներկրումը կատարել բացառապես փորձարկման արդյուքնում: Կարծիք եղավ նաև ներկրումն ազատականացնելու, միաժամանակ որակի նկատմամբ սահմանին խիստ վերահսկողություն սահմանելու և պետական վերահսկողությունն ավելացնելու մասին: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար որոշ մասնագետներ էլ անհրաժեշտ քայլ համարեցին սերմերի շուկայի ազատականացումը:

Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դիմել են թե կառավարությանը, թե մարզպետարաններին՝ սերմերի ներմուծման և միջին բերքատվության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Մարտուն Գրիգորյանը հույս է այտնել, որ լիագումար նիստում քննարկումները կլինեն նույնքան շահագրգիռ, որքան լսումների ժամանակ: