Home / Տեսանյութեր / Վերաքննիչ դատարանը օրինական ճանաչեց սփյուռքահայ գործարարի ընկերության պայմանագրերը

Վերաքննիչ դատարանը օրինական ճանաչեց սփյուռքահայ գործարարի ընկերության պայմանագրերը

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությունից իրականացված թալանի պայմանագրերը վիճարկող հերթական դատական նիստն էլ ավարտվեց կանխատեսված որոշմամբ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ իր երեկվա որոշմամբ ապօրինի չճանաչեց ընկերությունում կնքված բազմաթիվ կեղծ պայմանագրերը, որոնք շարունակ ստորագրվել են, իսկ նախատեսվող գումարները երբևէ չեն փոխանցվել: Այս մասին ասված է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության հեղինակները նշում են, որ Վերաքննիչ դատարանը երեկ պարզապես կարծես կրկին անգամ ընթերցեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, քանի որ սեփական որոշումը որևէ բառով չէր տարբերվում նախորդից:

«ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքները վիճարկող բողոքը Խուդյանի ներկայացուցիչները 15-օրյա ժամկետում կուղարկեն նաև ՀՀ վճռաբեկ դատարան:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` այս գործում ապօրինությունները հենց սկզբից էլ բազմաթիվ են եղել, սկսած նրանից, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական այս գործը 2011 թ. հունիսին հանկարծ հայտնվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Հիշեցնենք, որ սա նույն այն դատական նիստն է, որով պատասխանողներից «ՎՄԳ գրուպի» նախկին տնօրեն Էդուարդ Համբարձումյանի կողմից դատարանին հայտնած` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկություններն անհետացել էին նախորդ տարվա նոյեմբեր ամսին, մինչդեռ նույն այդ տեղեկությունները` հայցվոր կողմի և նրա ներկայացուցչի համոզմամբ, գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ են: Այս գործից` չձայնագրվելու, ձայնագրությունը  չպահպանվելու, ջնջվելու, ծրագրային թերության կամ այլ անհայտ պատճառով բացակայում է նաև 30.11.2011թ. դատական նիստի ձայնագրությունը /արձանագրությունը/, իսկ 25.05.2011թ.-ի որոշման մեջ անհայտացել է պատասխանող Էդուարդ Եսայանի տվյալները և հասցեն:

«Պատասխանողի անհետացած այս ցուցմունքում մասնավորապես նշվել է, որ 2010 թ. փետրվարի 11-ից մինչ հուլիսի 30-ը հանդիսանալով նույն գործով վիճարկվող փոխառության պայմանագրերով փոխատու` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ տնօրենը որևէ գումար չի փոխանցել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին և դրա վերաբերյալ որևէ հաշվապահական փաստաթուղթ չի ստորագրել: Այսինքն` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ստորագրված փոխառության պայմանագրերով գործարքներ չեն իրականացվել: Այնինչ այդ պայմանագրերի հիմքով դատարանում սնանկության գործով «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի անունից ավելի քան 521 միլիոն ՀՀ դրամի պահանջ է ներկայացվել սնանկ ճանաչված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին, և այդ գումարից 269 միլիոն դրամն արդեն հանձնվել է «ՎՄԳ գրուպ»-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: