Home / Հայաստան / «Բոլորի հետ չեն համաձայնեցրել». Պատմության ֆակուլտետի ուսանողները՝ «Հակահարված»-ի ակցիայի մասին

«Բոլորի հետ չեն համաձայնեցրել». Պատմության ֆակուլտետի ուսանողները՝ «Հակահարված»-ի ակցիայի մասին

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողության անունից տարածած «Հակահարված» արտ խմբին վերաբերող հայտարարությունը չի ներկայացնում բոլոր ուսանողների տեսակետը: Այս մասին պատասխան հայտարարության մեջ նշել են պատմության ֆակուլտետի ուսանողներ Տաթևիկ Պողպատյանը, Էլեն Գրիգորյանը, Գուրգեն Ասատրյանը, Լուսինե Հարությունյանը և Անուշ Ազնավուրյանը:

Հիշեցնենք, որ երեկվա հայտարարության մեջ նշվում էր, որ նոյեմբերի 22`-ին, ժամը 13:00-ին 4 հոգի բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀպատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը:

«Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել է միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին`պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետիմասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները և գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչներին և ուսանողներին: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում: Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը և ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը և թույլ չեն տա որևէ մեկինխանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է», – ասված էր հայտարարության մեջ:

Ի պատասխան վերոնշյալ ուսանողները ընդգծել են.

«Ա. Հայտարարությունը, որը տարածվել է ֆակուլտետի ուսանողության անունից, չի

ներկայացնում բոլոր ուսանողների տեսակետը, և մեր անունից տարածվել է՝ առանց մեզ հետ նախապես համաձայնեցնելու կամ տեղյակ պահելու: Մենք ԶԼՄ-ներից ենք իմացել, որ մեր անունից նման հայտարարություն է տարածվել:

Բ. Հայտարարության մեջ դեպքը ներկայացված է կողմանակալ: Իրականում համալսարանում քաղաքական քարոզ տեղի չի ունեցել: Մենք չենք լսել որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի օգտին իրականացվող քարոզչություն:

Գ. Հայտարարության մեջ որևէ խոսք չկա այն մասին, որ իրականում համալսարանի երկրորդ հարկում ծեծի են ենթարկել ակտիվիստներից մեկին, որին ականատես է եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի և փոխդեկան Վահագն Հակոբյանը և մի քանի տասնյակ ուսանողներ:

Հայտարարության հեղինակները հայտարարությունը տարածել են ամբողջուսանղներիս անունից, սակայն չեն համաձանեցրել բոլորիս հետ: Սա անընդունելի գործելավոճ է և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»: