Home / Հայաստան / Մարիամ Գևորգյանը չի ցանկանում լսել իրեն ծեծած սկեսրոջ «վերջին խոսքը»

Մարիամ Գևորգյանը չի ցանկանում լսել իրեն ծեծած սկեսրոջ «վերջին խոսքը»

Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի (լուսանկարում՝ ձախից) գործով դատաքննության փուլն ավարտվել է, հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 23-ին, վերջին խոսքով հանդես կգա ամբաստանյալ, Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, այնուհետև կհրապարակվի վճիռը:

Մարիամի պաշտպան Նոնա Գալստայանը Epress.am-ին հայտնել է, որ տուժող կողմը, օգտվելով իր իրավունքից, չի մասնակցելու հաջորդ նիստին՝ այդպիսով ևս մեկ անգամ արտահայտելով իր դժգոհությունը գործի քննությունից: Հիշեցնենք, որ կողմը սխալ է համարում դատարանի որոշումը՝ գործը դռնփակ քննել:

«Դատավորը սույն գործի դատական քննությունն իրականացնում է միայն իրեն հայտնի դատավարական նորմերի համաձայն, նախապես որոշված «սցենարով»` անտեսելով օրենքները, դրանով իսկ տուժողի համար ստեղծելով ծայրահեղ անբարենպաստ և անհավասար դատավարական կարգավիճակ: Ինչևէ, Տուժողից ինչ կախված է՝ կողմը արդեն արել է, և իրավունք ունի չգալ լսելու ամբաստանյալի ճառը»,- ասել է Գալստյանը:

Վերջին մի քանի նիստերը հետաձգվել էին: Նոնա Գալստյանն ասել է, որ թեև մի նիստը հետաձգվել է ամբաստանյալի պաշտպանի անհարգելի բացակայության, մյուսը՝ Հայկանուշի հիվանդ լինելու մասին հիմքեր ներկայացնելու պատճառով, կողմը չի տիրապետում հիմքերի՝ հայտարարելու, թե գործը դիտավորյալ է ձգձգվել:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Մարիամ Գևորգյանը 2010թ.  հունիսին ամուսնացել է Դավիթ Զիրոյանի հետ և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրել է ամուսնու և նրա մոր հետ: Հայկանուշ Միքայելյանը Մարիամին ծեծել է գրտնակով, վառել է նրա մարմինը և լեզուն կրակայրիչով ու արդուկով` պատճառաբանելով, թե աղջիկը փնթի հարս է:

Նրան թույլ չեն տվել անգամ քնել անկողնում և ստիպել են ամիսներ շարունակ քնել խոհանոցի աթոռի վրա նստած: