Home / Հայաստան / Գազի գինը. Ռուսաստանյան «դուստրը» խաբո՞ւմ է հայաստանցիներին

Գազի գինը. Ռուսաստանյան «դուստրը» խաբո՞ւմ է հայաստանցիներին

Գազի որակի ու գնի անհամապատասպանության մասին Epress.am-ի խմբագրությունը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի սպառողներից ահազանգեր է ստացել: Քաղաքացիները նշում են, որ գազի որակն ընկել է, և ենթադրություն անում, թե դա տեղի է ունեցել այն պատճառով, որ «Հայռուսգազարդը» գազի գինը Հայաստանում չի բարձրացրել: Սպառողներից մեկը նշել է, որ բնական գազի վրա նույն պայմանական սուրճը մոտ երեք անգամ ավելի երկար է եփվում, քան բալոնով գազի վրա: Մենք նույնպես նման փորձարկում ենք արել, և արդյունքը նույնն է եղել:

Epress.am-ի հետ զրույցում ոլորտի փորձագետ Ալեքսանդր Գևորգյանն ասել է, որ մատակարարի տրամադրության տակ բնակչությանը խաբելու երեք գործոն կա, որոնցից ցանկության դեպքում ներկրողը կարող է օգտվել: Առաջինը՝ գազին կարելի է օդ խառնել:

«Դա բարդ է կազմակերպել, պետք է համապատասխան կոմպրեսորներ տեղադրել, այսինքն՝ ծախսեր անել, սակայն այդ ծախսերն արդարանցում են այն արդյունքը, որը ստացվում է: Եթե մատակարարների  և վերահսկիչների միջև չլիներ համաձայնություն, եթե նրանք նույն մաֆիայի մաս չլինեին, գուցե, կոմպրեսորների տեղադրումը ռիսկեր ունենար, սակայն, այն պայմաններում, որոնցում կատարվում է գազամատակարարումը մեր երկրում, դա անել մեծ խնդիր չի ներկայացնում», – ասել է Գևորգյանը:

Թեմային անդրադառնալով՝ «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդանյանն ասել է, որ գազին օդ խառնելը տեխնիկապես անհնար է, և դա պայթունավտանգ է, ու ընկերությունը նման քայլի չի դիմում:

Գևորգյանի խոսքով, սակայն, Հայաստանում գազի գինը պաշտոնապես չբարձրացնելով, միևնույն արդունավետություն ունեցող գազի համար մեծ գումարներ սպառողից հարկելու համար նպաստավոր միջավայր է տիրում, քանի որ հաշվիչները ևս ստուգվում են սպասարկողի կողմից:

«Հաշվիչները էլի իրենք են ստուգում: Ոչ սպառողը, ոչ ինչ-որ այլ ընկերություն չի տիրապետում վերստուգում անցկացնելու մեխանիզմի: Սա չի կարող ռիսկեր չպարունակել», – ասել է Գևորգյանը:

Երրորդ գործոնը, ըստ փորձագետի, այն է, որ, գինը չփոխելով, մեր երկրին անորակ գազ են վաճառում: Նախկինում 1 խորհանարդ մետր գազի կալորիականությունը 9 000 կլիովատ ջերմունակություն էր պարունակում, այժմ՝ ավելի վատ որակի գազ է ներկրվում Հայաստան:

«Այս երեք գործոնները վերահսկելի են, և դրանց կարելի է այնպես համադրել, որ հնարավորինս մեծ շահույթ ստանալ՝ սպառողի հաշվին»,- ասել է Ալեքսանդր Գևորգյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացնելու է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկա պահին ռուսաստանյան կողմի հետ բանակցություններն ընթանում են, հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածություն կա և մնում է շտկել տեխնիկական դետալներ: Նրա խոսքով՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի մանրամասներ հրապարակել:

Նշենք, որ հայ-ռուսական «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից՝ 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա:

Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Այսօր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 միլիարդ դրամ:

«Գազպրոմի» բաժնեմասը, համաձայն ռուսաստանյան ընկերության պաշտոնական կայքի, կազմում է 80 տոկոս: