Home / Հայաստան / ՀԱԿ-ի խմբակցությունն առաջարկում է Մարտի 1-ի նախագիծն արտահերթ համարել

ՀԱԿ-ի խմբակցությունն առաջարկում է Մարտի 1-ի նախագիծն արտահերթ համարել

Մարտի 1-ի էությունը հետևյալն է՝ իշխանությունը կրակել է սեփական ժողովրդի վրա, և սա աննախադեպ զարգացում է Հայաստանի նորանկախ պատմության մեջ. այն ժամանակ իշխանությունների կողմից որևէ փորձ չի արվել բանակցել ընդդիմության կամ ցուցարարների հետ: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նիստը նվիրված է եղել ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

«Եթե մենք ուզում ենք նման իրադարձությունների դեմը փակենք, ուրեմն՝ մենք պետք է վերջնական պարզություն մտցնենք այս հարցում: Այստեղ ներկա են մարտի 1-ի զոհերի ծնողները: Ես ուզում եմ ասել, որ ոչ միայն իրենց զավակներն են զոհ, այլև մենք  բոլորս այս հանցագործության զոհերն ենք, և մենք հիմա  փաստորեն իրենց հետ միասին պետությունից ուզում ենք պատասխան ստանալ, և ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվել և ո՞վ պետք է պատասխան տա այդ պետականորեն կատարված, կազմակերպված հանցագործության համար: Հինգ տարի է անցել, մենք այսօր չունենք  պատասխան ո՛չ ծնողներին, ո՛չ հասարակությանը, ո՛չ միջազգային հանրությանը: Ընդ որում՝ միջազգային հանրությունը նույնպես շատ հստակ խնդիրներ է դրել մեր առջև՝ մասնավորապես ԵԽԽՎ-ի բանաձևերից մեկում հստակ ասված է նրա մասին, որ ՀՀ պետական մարմինները պետք է բացահայտեին պատասխանատվության շղթան: Այդ ուղղությամբ որևէ գործ չի արվել, որը նույնպես հնարավորություն կտա մի քիչ առաջ գնալ, այս հանցագործությունների բացահայտման հարցում», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա հավելել է, որ հինգ տարվա ընթացքում Հայաստանում իրագործվում է մարտի 1-ի հանցագործությունների պարտակման և կոծկման պետական ծրագիր:

Նա նշել է, որ եթե ԱԺ-ում կան մարդիկ, որոնք այս գնահատականի հետ համաձայն  չեն, ուրեմն անհամաձայնություն հայտնելու լավագույն ձևն այն է, որ համաձայնեն ստեղծել նման հանձնաժողով, որը հենց կանդրադառնա այն փաստերին, որոնք կամ կհաստատեն, որ պետական նման ծրագիրը իրագործվել է, կամ հակառակը՝ կհերքեն այն:

Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ ՀԱԿ խմբակցությունը մինչև ուրբաթ օրը, ժամը 17.00-ն, ԱԺ նախագահին կներկայացնի նամակ՝  օրինագիծը արտահերթ նախագիծ համարելու պահանջով:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ թեև  այս նստաշրջանում դա հնարավոր չի լինի իրագործել, սակայն եթե իրենք այսօր դիմում են, համաձայն կանոնադրության,  առաջին հնարավորության դեպքում սա լինելու է իրենց խմբակցության կողմից առաջարկված արտահերթ նախագիծ:

«Խնդիրը հետևյալն է,  մենք պետք է կարողանանք վերականգնել ժողովրդի և հասարակության վստահությունը՝ պետական ինստիտուտների նկատմամբ, որը խարխլված է հենց մարտի 1-ի հանցագործությամբ, իհարկե, այլ հնացագործություններով նույնպես, ինչիպիսին են, օրինակ, ընտրակեղծիքները: Եվ լավագույն քայլը, որ մենք կարող ենք անել այս ուղղությամբ, դա այն է, որ մենք ստեղծենք այս հանձնաժողովը: Եթե ԱԺ-ի այսօրվա մեծամասնությունը գնա ընդառաջ այս քայլին, դրանով ինքը ցույյց կտա, որ  կամք ունի ինչ-որ քայլ անելու՝  պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի և հասարակության վստահության վերականգնման ուղղությամբ»,- իր ելույթն այսպես է եզրափակել Զուրաբյանը: